Հնդկաստանում առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 86-ն անհետ կորել փոթորկի պատճառով
Հնդկաստանի հարավային նահանգներում առնվազն ութ մարդ է զոհվել, եւս 86-ն անհետ կորել փոթորկի պատճառով, որն ստացել է«Օկհի» անվանումը: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ փոթորիկը նոյեմբերի 30-ին սկսվել է երկրի Կերալա եւ Թամիլնադ հարավային նահանգներում: Ներկայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել Թամիլնադի նահանգի Կանյակումարի քաղաքի ցածրադիր շրջաններում: Սկսվել են այն 86 ձկնորսների որոնման գործողությունները, որոնք ծով էին դուրս եկել 50 նավակներով: Հնդկաստանի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ Թամիլնադի նահանգի հարավում քամու արագությունը հասնում է ժամում 65-75 կիլոմետրի, իսկ հյուսիսում՝ ժամում 50-60 կիլոմետրի:
Դպրոցները փակվել են հարավային նահանգների չորս քաղաքներում, մարդկանց հանձնարարված է առանց խիիստ անհրաժեշտության դուրս չգալ տներից: Ցիկլոնի պատճառով մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Փոթորկից արմատախիլ է եղել ավելի քան 500 ծառ: Սպասվում է, որ փոթորիկը եւս մեկ օր կշարունակվի Հնդկաստանի հարավային նահանգներում, ինչպես նաեւ Անդամանյան ու Նոկոբարյան կղզիներում եւ Հնդկաստանի դաշնակից Լաքշադվիլ կղզային տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: