«Ադրբեջանից առաջ ընկանք». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ստորագրված համաձայնագրում շատ դրույթներ կան, որոնք կօգնեն Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, դատական մարմինների անկախությունն ապահովել, ապահովել նաև օրենքի գերակայությունը։

«Կան նաև ծրագրեր, որոնք սոցիալական վիճակը կբարելավեն Հայաստանում։ Կան դրույթներ՝ կապված այլընտրանքային էներգետիկայի հետ, կապված նրա հետ, որ Հայաստանը պետք է մտնի ընդհանուր եվրոպական տարածք, ինչը կբերի նրան, որ ավիատոմսերը կարող են դառնալ ավելի մատչելի մեր քաղաքացիների համար, և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով՝ լավ պայմանագիր է, շանս է տալիս, որ մենք զարգանանք։

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ պայմանագիրը լրացնում է այն բացը, որը կա Հայաստանի տնտեսության, առևտրի և տարբեր ոլորտներում. «Այս պայմանագիրը չի հակասի կամ չի հարվածի այլ խաղացողների շահերին Հայաստանում, քանի որ, եթե մենք անում ենք համեմատություն ԵՏՄ-ի հետ, ակնհայտ երևում է, որ ԵՄ-ի հետ պայմանագրում ոչ թե հակասող, այլ փոխլրացնող դրույթներ կան։ Դա շատ կարևոր է, որ շատ կարճ ժամանակահատվածում բոլորը կհասկանան, որ ոչ մեկի շահերին էլ չի հարվածում այդ պայմանագիրը, ոչ մի մտավախություն թող երրորդ երկրներում չլինի»։

Նրա դիտարկմամբ՝ պայմանագիրը կյանքի կոչելու համար և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն. «Այդ պայմանագիրը հետաքրքիր է, լավն է, բայց եթե չիրականացնենք, կմնա թղթի վրա, և կվարկաբեկվենք։ Ես հուսով եմ, որ, եթե իշխանությունները հետևողականորեն գնացին ու ստորագրեցին, ուրեմն, ունեն կամք՝ իրականացնելու»։

168.am-ը հետաքրքրվեց, թե արցախյան հակամարտության կարգավորման առումով ի՞նչ է տալիս այս համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ և՛ պայմանագրի նախաբանում, և՛ հոդվածներից մեկում հստակ ձևակերպում կա՝ կապված կոնֆլիկտների լուծման հետ.

«Այնտեղ հստակ գրված է, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Երբ Արցախի հարցին են անդրադառնում, խոսվում է ՄԽ ձևաչափի մասին, այն մասին, որ Արցախի հարցը պետք է լուծվի՝ հիմնվելով երեք սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և խաղաղ ճանապարհով լուծում։ Դա շատ դրական է։ ԵՄ-ն չի լուծում Արցախի հարցը, այդ հարցը լուծվում է ՄԽ շրջանակներում, և պայմանագրում հստակ դա գրված է։ Բայց շատ դրական է, որ դա կա, քանի որ դրանով նորից հիշեցվեց ինքնորոշման սկզբունքը։ Մյուս տարի Ադրբեջանը պլանավորում է ստորագրել նմանատիպ պայմանագիր ԵՄ-ի հետ, և պարզ է, որ այնտեղ ձևակերպումն այլ չի կարող լինել։ Այստեղ մենք առաջ ընկանք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս