ԳՍԴԿ-ի հետ Մերկելի դաշինքի կոալիցիոն բանակցությունները կարող են սկսվել միայն 2018 թվականին
Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ կառավարող կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին ARD հեռուստաալիքի եթերով հայտարարել է ՔԴՄ-ի փոխղեկավար Յուլյա Քլյոքները: «Ես ելնում եմ այն բանից, որ միայն հաջորդ տարվա սկզբին կանաչ լույս կտրվի կոալիցիոն բանակցություններին»,-ասել է նա:
Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, նախ ԳՍԴԿ-ն պետք է համագումար անցկացնի, որը պլանավորված է դեկտեմբերի 7-9-ը: «Այնուհետեւ հարկավոր է տեսնել, թե երբ կսկսվեն նախնական կոնսուլտացիաները, եւ միայն մեկ շաբաթ է կմնա մինչեւ խորհրդարանի ձմեռային արձակուրդները»,-հավելել է նա:
Գերմանիան քաղաքական ճգնաժամի շեմին է հայտնվել այն բանից հետո, երբ ՔԴՄ/ՔՍՄ-ին չհաջողվեց կառավարող կոալիցիա ստեղծել Ազատ դեմոկրատական կուսակցության ու «կանաչների» հետ: ԳՖՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դրանից հետո կոչ է արել խորհրդարանական կուսակցություններին ամեն ինչ անել Բունդեսթագի նոր ընտրություններից խուսափելու համար:
Ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակներից մեկը ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի եւ ԳՍԴԿ-ի կազմով «մեծ կոալիցիայի» կառավարումը շարունակելն է: Ինչպես սպասվում է, նոյեմբերի 30-ին Շտայնմայերի հրավերով կկայանան Մերկելի բանակցությունները սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի եւ բավարական ՔՍՄ-ի ղեկավար Հորսթ Զեեհզոֆերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: