Եվրոպային ավելի մոտ. Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը նոր էջ կբացի հարաբերություններում

Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդները այսօր Բրյուսելում  քննարկելու են գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները:

Նրանք արդեն ժամանում են ԵՄ՝ գումարելու գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկեն նաև, թե ինչ առաջընթացի է հնարավոր եղել հասնել 2015 թ. Ռիգայի գագաթնաժողովից հետո՝ արձանագրելով, թե կոնկրետ ինչպիսի դրական ազդեցություն է ունեցել գործակցությունը ԱլԳ վեց պետությունների քաղաքացիների վրա:

Գագաթնաժողովը կդիտարկի Ռիգայում համաձայնեցված չորս գերակայությունների հետագա առաջմղման հնարավորությունները: ԵՄ և գործընկեր վեց պետությունները համակարծիք են՝ անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսությունը՝ ունենալով շուկայական առավել բարելավված հնարավորություններ, ուժեղացնել կառավարումը՝ կատարելագործելով ինստիտուտները, ուժեղացնել հաղորդակցությունը՝ մասնավորապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ուժեղացնել հասարակությունները՝ մեծացնելով շարունակությունը և կապերը մարդկանց միջև:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու եվրոպական քաղաքական այս կառույցը պատրաստվում են հարաբերությունների նոր մակարդակ արձանագրել՝ նոր համապարփակ ու ընդլայնված փաստաթուղթ ստորագրելով:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամ են ամրապնդել համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել եւ ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը եւ՛ տարածաշրջանային, եւ՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.

Կընդլայնվի նաև շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը:

Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Տեսանյութեր

Լրահոս