Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:
Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների: