Բաժիններ՝

Եկամտահարկի մի մասը՝ միլիարդների հասնող գումար, չի մտնում Գյումրու բյուջե

Արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված՝ Գյումրու բյուջեն նվազում է, հարկեր մուծող բնակիչների թիվը՝ պակասում: Եթե 2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ, ապա 2018 թվականին բյուջեի եկամուտները գրեթե 69 մլն դրամով, կամ՝ 142.453 դոլարով պակաս կլինեն:

Այս պարագայում ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 5-րդ մասի 1-ին պարբերության դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները՝ Գյումրի համայնքի ավագանին իրավասու է Գյումրու բյուջեի կառուցվածքում փոփոխություններ իրականացնել:

Ըստ ՏԻՄ օրենքի, համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրներ են հանդիսանում ոչ միայն տեղական վճարները, այլև հարկային եկամուտները, հյուրանոցային հարկը, եկամտային հարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից, համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները:

Քաղաքային բյուջեի եկամուտների էական աճ կարելի է արձանագրել, եթե քաղաքում ստացված ընդհանուր հարկերից՝ եկամտահարկից և շահութահարկից, կատարված մասհանումներն ուղղվեն քաղաքային բյուջե:

Կարդացեք նաև

Ամեն տարվա պետական բյուջեի մասին օրենքում հնարավոր է համայնքային բյուջեի համար սահմանել մասհանումներ: 1998 թվականից սկսած՝ օրենքով մասհանումները թույլատրված են, սակայն օրենքի այս կետը չի կիրառվում:

Ըստ ոլորտի մասնագետների, մեծ հաշվով, Գյումրու բյուջեն տարիների ընթացքում շատ փոքր աճեր է գրանցել:

Մեր ուսումնասիրություններն էլ ցույց տվեցին, որ որոշ տարիների համեմատ՝ Գյումրու բյուջեն անկում է արձանագրել: Եթե այս տարի այն կազմում է 3.165.500.000 դրամ գումար, ապա 2009 թվականին 3.626.500.000 դրամ է կազմել՝ 461.000.000-ով կամ 12.71 տոկոսով ավելի, քան այս տարվա բյուջեն, ինչը զգալի ցուցանիշ է:

Եթե Գյումրու 2009 թվականի բյուջեն այս տարվա բյուջեից ավելի լիներ 1-2 տոկոսով, դա էական նշանակություն չէր ունենա: Մինչդեռ քաղաքի բյուջեի՝ 461.000.000 դրամ լրացուցիչ եկամտի առկայության դեպքում, հնարավոր կլիներ բյուջեի կառուցվածքում էական փոփոխություններ իրականացնել, գումարներ հատկացնել նաև այլ ծախսերի իրականացման համար:

Այս պարագայում 375.000.000 դրամ գումարը լիովին կբավարարեր մեկ սոցիալական շատ կարևոր ծրագիր իրականացնելու, այն է՝ Գյումրու 3000-ի հասնող անօթևաններին ձմռան վառելափայտ գնելուն, որն այժմ Գյումրու քաղաքապետարանը չի իրականացնում: Ու չնայած սուղ միջոցներին և քաղաքի բյուջեի կրճատմանը, Գյումրու քաղաքապետարանը որոշ դեպքերում անարդյունավետ ծրագրեր է իրականացնում:

Օրինակ, Գյումրիում Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար Գյումրու բյուջեից 7 մլն դրամ է հատկացվելու:

Որո՞նք են Գյումրու բյուջեի նվազման պատճառները, ի՞նչ մեխանիզմներով կարելի է ավելացնել քաղաքի բյուջեն:

«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այն մուտքերը, որոնք պլանավորված են՝ ըստ հարկային դրույքաչափերի, տեղական վճարները, որոնք ավագանու նիստին հաստատված են, կազմում են Գյումրու բյուջեի հիմնական հարկային բազան:

«Օրենսդրությամբ համայնքին տնտեսական գործունեության իրավասություն է տրված, ՓԲԸ-ները կարող են բերել այլընտրանքային եկամուտներ: Օրենքը նախատեսում է նաև պարտատոմսեր թողարկել և այլ ներդրումներ կատարել: Քաղաքային տրանսպորտի ավելի արդյունավետ կազմակերպումից կարելի է եկամուտներ ապահովել: Սակայն օրենքի տված հնարավորություններն այնքան էլ չեն օգտագործվում:

Օրինակ, Երևանում առկա է հյուրանոցային հարկ հասկացողությունը, կամ կա շքեղության հարկ, որը կրկին համայնքի բյուջե է մտնում: Ուղղակի մեզ մոտ տուրիզմի զարգացման այն մակարդակը չկա, որ հյուրանոցները մեծ շրջանառություն ունենան, և հյուրանոցային տեղական հարկ սահմանվի: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա դրա մուտքերը հիմնականում պետական բյուջե է գնում: Եկամտային հարկը կամ շահութահարկը, կամ շրջանառության հարկն ամբողջությամբ պետական բյուջե է գնում:

Եթե քաղաքային բյուջեից ինչ-որ մասհանումներ կատարեին, ստացված հարկերից որոշակի մասհանումներ գար քաղաքին, այս դեպքում քաղաքային բյուջեի կտրուկ աճ կարելի էր արձանագրել: Օրինակ՝ հողահարկի, գույքահարկի բազան ֆիքսված է, սակայն արտագաղթի հետ կապ ունի: Արտագաղթողների մեծ թվով պայմանավորված՝ համայնքի համապատասխան բաժինները չեն կարողանում այդ հարկատեսակները հավաքագրել: Ավտոմեքենաների գույքահարկի մեծ ապառքներ է կուտակված: Մարդիկ արտագաղթել են, իրենց գույքը կա, հարկերը կուտակվում են, բայց մարդիկ չկան, որպեսզի իրենցից հարկերը հավաքագրեն: Եթե մենք ունենանք բնակչության որոշակի աճ, դա էլ կբերի հարկերի հավաքագրման աճի»,- անդրադառնալով Գյումրու բյուջեի եկամուտների ավելացման հնարավորություններին՝ նշեց Ղարիբ Հարությունյանը:

Նրա հավաստմամբ, նպատակային սուբվենցիան (լրագրող-պետական նպաստ տեղական մարմիններին՝ որոշակի նպատակներով) տրվում է փոքր նպատակների համար, որտեղ համայնքային իշխանությունները լիազորություններ չունեն: Նույն 23 միլիոնի վարկը, որը փոխանցվելու է համայնքի բյուջե, նպատակային է և ուղղված է կոնկրետ ոլորտների:

«Դա գալու, մտնելու է համայնքային բյուջե, սակայն համայնքային իշխանությունները որևէ որոշման իրավասություն չունեն, քանի որ խոսքը սուբվենցիայի մասին է, և պայմանագիրն արդեն կնքված է, թե գումարն ինչի վրա է ծախսվելու»:

Մեր հարցին՝ որքանո՞վ է կարևոր բյուջեն ինքնուրույն տնօրինելու հարցում համայնքային իշխանությունների կողմից ինքնուրույնություն ձեռք բերելը, նաև քաղաքային բյուջեի եկամուտների աճի նպատակով լրացուցիչ հարկատեսակների՝ համայնքային բյուջեներ մուտքագրելը, Ղ.Հարությունյանը պատասխանեց. «Այժմ խոսքն ապակենտրոնացման մասին է: Համայնքների, հետագայում՝ նաև մարզպետարանների խոշորացման հայեցակարգ է մշակվել: Այդ ամենը հաշվի է առնված, բայց թե որքանո՞վ կյանքի կկոչվի, չեմ կարող ասել: Նախ՝ իշխանությունները պետք է ունենան ֆինանսական հնարավորություններ: Միջազգային սկզբունք է, որ լիազորությունները և ֆինանսներն իրար հավասարազոր պետք է լինեն, որը մեզ մոտ բացակայում է: ՏԻՄ օրենքով կան շատ լիազորություններ, բայց համապատասխան ֆինանսական հնարավորություններ ՏԻՄ-երը չունեն: Մինչդեռ կարևոր է ունենալ այնքան միջոց, որքան լիազորություններն են»:

Ի՞նչ ձևով կազդի համայնքների խոշորացման գործընթացը համայնքային բյուջեների վրա. այս հարցին տնտեսագետը պատասխանեց.

«Որպես հիմնավորում՝ նշվում է, որ համայնքների վարչական ծախսերը կկրճատվեն, քանի որ համայնքների ղեկավարների աշխատակազմերը լուծարվելու են, ամեն տեղ մեկ վարչական ներկայացուցիչ է լինելու, ուստի ծախսային առումով որոշակի կրճատումներ տեղի կունենան:

Բայց թե ինչքանո՞վ եկամուտները մեծ համայնքներում կհավաքագրվեն, սա արդեն հարցականի տակ է դրված: Իհարկե, այլ խնդիրներ էլ կառաջանան՝ սեփականության հետ կապված, թե ինչ ձևերով պետք է այն կառավարվի: Այս դեպքում բյուջեի գումարներն ավելի արդյունավետ է պետք ծախսել»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրապետության բոլոր համայնքները համահարթեցման օրենքի համաձայն՝ դոտացիաներ են ստանում պետական բյուջեից, և Գյումրու բյուջեի գերակշիռ մասը ձևավորվում է դոտացիաների հաշվին:

«Օրենքով եկամտային հարկի մի մասը պետք է համայնքային բյուջե գնա, բայց այդ օրենքը չի գործում: Կարող են դիմել ԱԺ, ասել, որ սահմանափակումները հանեն: Պատկերացրեք, աշխատավարձերի եկամտահարկի 25 կամ 50 տոկոսը մտնի համայնքային բյուջե: Դա զգալի թիվ կլինի, միլիարդ դրամներով է չափվում»,- նշեց Սամսոն Դավոյանը:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ համայնքային բյուջեների համալրման համար նոր աղբյուրներ են հարկավոր: Մասնավոր ձեռնարկությունները ևս իրենց շրջանառության հարկի որոշակի տոկոս կարող են քաղաքային բյուջե փոխանցել:

«Սակայն ոչ մի զարգացած երկրում ուղևորավարձի հաշվին բյուջե չի ձևավորվում: Մինչդեռ և´ Երևանում, և´ Գյումրիում բյուջեն ուղևորավարձի հաշվին է ձևավորվում: Ուղևորավարձի գինը պետք է իջեցնել: Գործող ուղևորավարձի 10 տոկոսը բավարար է ուղևորների երթևեկության համար: Մարդը, անկախ իր եկամուտներից, պետք է կարողանա օգտվել հասարակական տրանսպորտից այնքան, որքան իրեն հարմար է: Տրանսպորտի ոլորտի մնացած ծախսերը պետք է փոխհատուցվեն այլ աղբյուրների հաշվին: Օրինակ, բենզինի ներմուծումից առաջացած շահույթի 1 տոկոսը կարող է ուղղվել տրանսպորտի ոլորտին»,- ասաց Սամսոն Դավոյանը:

Ինչ վերաբերում է արդյունաբերության զարգացման միջոցով համայնքի համար լրացուցիչ եկամուտների հավաքագրմանը, ապա, ըստ Ս.Դավոյանի՝ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունից ստացված եկամուտները մեծամասամբ պետական բյուջե են գնում: Մինչդեռ Շիրակի մարզը գյուղատնտեսական մարզ է դարձել.

«Եթե ԽՍՀՄ տարիներին Գյումրին երկրորդ արդյունաբերական քաղաքն էր, ապա այժմ արդյունաբերություն չի մնացել: Մինչդեռ նախկինում տասնյակ գործարաններ ունեինք՝ հեծանվի, տեքստիլ, գուլպա-նասկեղենի»:

Տնտեսագետ Արտակ Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, ինչպես Գյումրին, այնպես էլ՝ ՀՀ մյուս համայնքները մեր հանրապետության ընդհանուր տնտեսության մասն են կազմում, և տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն ազդում է նրա առանձին բաղկացուցիչների վրա:

«Տնտեսական փոքրիկ աճերը, որոնք ավտոնոմ աճեր են, սոցիալ-տնտեսական վիճակի վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող: Տնտեսական վիճակի վատթարացման, սպառման նվազման հետևանքով՝ փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական ակտիվությունը նվազում է: 2018-2019 թվականներին մենք տնտեսվարողների համար ունենալու ենք հարկային բեռի և փաստաթղթաշրջանառության աճ: Տարբեր ապրանքների համար ակցիզային հարկերն ավելանալու են: Գործազրկության մակարդակն էականորեն չի նվազելու: Այս տարվա առաջին ինն ամիսներին 14000 մարդ լքել է Հայաստանը: Գնաճը, իրական եկամուտների նվազումը բերում է նրան, որ շահութաբեր բիզնես ունենալու հավանականությունը նվազում է: Սա իր հերթին՝ ազդում է ՀՀ բյուջեի մուտքերի աճի վրա:

Համայնքային բյուջեն, որը կազմված է հողի հարկից, գույքահարկից և այլ նմանատիպ հարկային մուտքերից, հետընթաց է ապրելու, որովհետև, եթե տնտեսվարողը չի կարողանում շահութաբեր գործունեություն ապահովել, չի կարող վճարել գույքահարկ, որն ընդհանրապես կախված չէ իր տնտեսական գործունեության արդյունքներից, դադարեցնելու է իր գործունեությունը:

Գյումրիում ծախսերի արդյունավետության բարձրացման պահուստներ մենք ունենալու ենք:

Բյուջեի մուտքերի ավելացման նպատակով կարելի է հարկային դրույքաչափերը բարձրացնել, հարկ վճարողների վրա հարկային բեռն ավելացնել, սակայն դա կբերի նրան, որ շատ տնտեսվարողներ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Հաջորդ տարբերակը տվյալ տարածքի տնտեսական զարգացման ապահովումն է՝ ներդրումների ներգրավում, բիզնեսի խթանում, սակայն միայն Գյումրիում դա ապահովել հնարավոր չէ, քանի որ այն ՀՀ մասն է կազմում:

Ավելի լուրջ տնտեսական քաղաքականություն է անհրաժեշտ վարել՝ աշխատատեղեր ստեղծել, որպեսզի բյուջեի եկամուտների աճ լինի, այդ դեպքում հարկային մուտքերը կավելանան, սպառումն էլ կաճի: Եթե համայնքային տնտեսության աճ չի գրանցվում, ապա խոսել հարկային մուտքերի աճի մասին՝ իմաստ չունի: Մենք լավ գիտենք, որ Գյումրիում տնտեսության վերամշակող հատվածը մեծ դեր ունի, սակայն տնտեսական վիճակի բարելավում չենք նկատում: Արտագաղթի պայմաններում հարկային մուտքերը, եկամուտները նվազում են: Նշեմ որ ԽՍՀՄ տարիներին կենտրոնական իշխանության սուբսիդիաները, դոտացիաներն այնքան շատ են եղել, որ մեր քաղաքի բյուջեն տասնյակ անգամ ավելին է եղել»,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Առաքելյանը:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ 168.am-ի հետ զրույցում Գյումրու բյուջեի եկամուտների նվազումը պայմանավորեց նաև քաղաքից արտագաղթի աճով:

«Պաշտոնական տվյալներով՝ Գյումրու առկա բնակչության թիվը 114.000 է: Եթե հաշվի առնենք, որ աշխատունակ բնակչությունը գարնանը մեկնում է սեզոնային աշխատանքի, ապա ամռանը Գյումրու բնակչությունը կարող է հասնել մինչև 70000-ի»,- նշեց ժողովրդագրագետը:

Նշենք, որ ըստ Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի, Գյումրու բյուջեի եկամուտները նվազում են, քանի որ իրենք սխալ կանխատեսում են արել:

«Բյուջեի թերակատարում չունենալու համար 2 մլն դրամով պակասեցնում ենք խմիչք-ծխախոտից գանձվող վարձավճարները, որովհետև մենք այդքան ավելի էինք պլանավորել: Բացի դրանից, մենք հաշվի ենք առել անցյալ տարվա փաստացի մուտքերը: Էս քաղաքից ենք ու տեսնում ենք, որ խանութներ կան, որոնք վաճառվում կամ տրվում են վարձով: Մենք գիտեի՞նք, որ ծխախոտի, խմիչքի խանութներ կփակվեն, չգիտեինք:

Դուրս եկավ, որ՝ ուզենք, չուզենք, պետք է սեկվեստր անենք»,- վերջերս տեղի ունեցած Գյումրու ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր Լենա Ջիլավյանը:

Միաժամանակ 2018 թվականին նախատեսվում է քաղաքի բյուջեի ամենամյա աճ:

«Լավատեսությունը հիմնավոր լինի, մեծ ուրախությամբ ընդունենք: Համ ասում եք՝ կրճատվում է, կրճատվել է փաստացի, ու էս տեսակ լավատեսական սցենար»,- Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով Լենա Ջիլավյանին՝ նշել էր Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է Գյումրու զարգացման ծրագրին, ապա, Լևոն Բարսեղյանի կարծիքով, անհրաժեշտ է իրատեսական, ոչ թե հեքիաթային ծրագրեր կազմել:

Նշենք որ Գյումրու զարգացման ծրագիրը կրկին փոխվելու է: Հնգամյա զարգացման ծրագրի նոր նախագիծը քվեարկության է դրվելու նոյեմբերի 6-ին՝ Գյումրու ավագանու նիստի ժամանակ:

Չնայած ծրագիրն ամեն անգամ փոփոխվում է, սակայն քաղաքում առկա և ծրագրում ընդգրկված առաջնահերթ նշանակության շատ խնդիրներ այդպես էլ չեն լուծվում: Այսպես, ծրագրով նախատեսված է բարեկարգել Գյումրու բոլոր անցումները, սակայն ոչ բոլոր անցումներն են հիմնանորոգված:

Աղբահանության ոլորտում ևս բազմաթիվ թերություններ են առկա: Մինչ օրս կանաչ գոտի համարվող «Չերքեզի ձորը» խոշոր աղբակույտերից ազատված չէ: Ծրագրում նշված է, որ գետակները գտնվում են սանիտարապես շատ վատ վիճակում և շարունակում են աղտոտվել, սակայն դրանք աղբից հիմնովին մաքրելու համար մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվում:

Գյումրու զարգացման ծրագրում նշված է, որ գետնանցումների վարձակալությունից գանձվող գումարները նախատեսվում է ուղղել անցումների հիմնանորոգմանը և լուսավորության ցանցի վերանորոգմանը, սակայն վարձակալությամբ և սեփականության իրավունքով անհատներին տրված որոշ գետնանցումներ խայտառակ վիճակում են գտնվում։

Դրանցում առկա է սանիտարահիգիենիկ անտանելի վիճակ, գետնանցումները նաև ալան-թալանի են ենթարկվում: Սա նշանակում է՝ գետնանցումների վարձակալությունից գոյացած գումարները լրիվ այլ նպատակի են ծառայում, բայց հաստատապես՝ ո՛չ դրանց հիմնանորոգմանը:

Գյումրու զարգացման ծրագրում որպես կարևոր հիմնախնդիր՝ դիտարկվում է համայնքի փողոցների անբարեկարգ վիճակը, սակայն մինչ օրս Գյումրու փողոցների հիմնանորոգման համար նախատեսված 23 միլիոն եվրոն տեղ չի հասել: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:

Կրկին անդրադառնալով համայնքների բյուջեներին, նշենք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է համայնքների բյուջեների նպատակային ծախսումը:

Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկումները: Համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրն ակնկալում է պետական բյուջեից ավելի շատ դոտացիա ստանալ:

2018 թվականից անցում է կատարվելու համայնքների սուբվենցիաների նոր կարգի:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ հայտարարել է, թե պետք է հասնել այն բանին, որ մարդիկ դոտացիաների վրա նստած չլինեն, համայնքներն էլ ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե՝ պարտքեր կուտակելուն, այլ՝ եկամուտներ ստանալուն:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս