Մեղվաբուծությունն անկում է ապրում. Անցյալ տարի 3500 տոննա է եղել, հիմա կեսից էլ պակաս է՝ մոտ 1500 տոննա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեղրն այս տարի հանրապետությունում ավելի քիչ կլինի, քան նախորդ տարիներին: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը: Մեղվաբույծների հույսերը չեն արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, սակայն անհամեմատ ավելի քիչ է ստացվել: Անցյալ տարի 3500 տոննա է եղել, հիմա կեսից էլ պակաս է՝ մոտ 1500 տոննա:

«Բերքը միջինից ցածր է: Ցուրտ եղավ, հետո անձրեւներ, դա ազդեց բուսականության վրա: Ամռանը երաշտ էր, խոտ ու ծաղիկ չկար, որ մեղուն գնա նեկտար հավաքի»,– պարզաբանեց Նազարյանը:

Տարեցտարի մեղուների քանակն է կրճատվում, ինչը եւս ազդում է բերքատվության ցուցանիշի վրա: Մեղվաբուծությունն անկում է ապրում: Միայն վերջին 2 տարիներին 200.000 մեղվի կորուստ է եղել:

«Ամեն տարի 100.000-ը սատկում են: Մեղվափեթակները գնալով պակասում են: Շատերն անփորձ են այս ոլորտում ու գործից չեն հասկանում»,- մատնանշեց նա:

Հիշում է՝ խորհրդային տարիներին մեղվաբուծության ոլորտում 35% աճ է գրանցվել: Մեծ քանակությամբ մեղր է Ռուսաստան արտահանվել: Այսօր էլ Մեղվաբույծների եվրասիական միության նախագահության անդամ են, որի կազմում շուրջ 50 կազմակերպություն կա:

«Հզոր կազմակերպություն է, որ շատ արտահանեինք լավ կլիներ, բայց խնդիրներ կան: Պետության աջակցությունն է պետք»,- նկատեց Թելման Նազարյանը:

Նա մեկ այլ մտահոգության մասին է բարձրաձայնում: Հայկական մեղրը Եվրոպական շուկա տանել չեն կարող՝ չափանիշները չի համապատասխանում:

«Լաբորատորիաներ պետք է լինեն, որ ստուգենք, դա էլ չկա: Իրանց վրա էլ հույս դնել պետք չէ, կարող է խաբեն»,-նշեց նա:

Մեղվաբույծների միության նախագահի խոսքով՝ անգամ քիչ քանակությամբ բերքն իրացնելու հետ կապված խնդրի առջեւ են կանգնել: Մեղվաբույծները նույնիսկ նախորդ տարվանից կուտակած ու չվաճառած մեղր ունեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս