«Ժողովուրդ, եկեք՝ խելքներս գլուխներս հավաքենք, ամեն մեկս հասկանա իր գործած մեղքը, և երկիր կառուցենք». Հրանտ Թոխատյան

«Մեա Կուլպա» ներկայացումն արդեն 15 տարեկան է։ Հայտնի ներկայացման ստեղծագործական խումբն այս տարի բեմ բարձրացավ նոր ասելիքով՝ ներկայացնելով «Մեա Կուլպա-2»-ը կամ՝ «Սիրով՝ ապագայիցը»։ Հոկտեմբերի 25-ին ներկայացման ստեղծագործական խումբը լրագրողներին հրավիրեց ներկայացումը դիտելու, որից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս։

«Մենք ուզում ենք, որ երկիրը դառնա երկիր։ Ներկայացման մեջ ապագայի ղեկավարի կերպարը դրա համար առաջ եկավ։ Այսինքն՝ դա այն երազանքն է, որին մենք ուզում ենք հասնել։ Այսինքն՝ սա ուղերձ չէ ո՛չ չինովնիկին, ո՛չ մեծահարուստին, ո՛չ նախագահին, վարչապետին, պառլամենտին, այլ ամեն մեկին՝ որպես ՀՀ քաղաքացի։ Ժողովուրդ, եկեք՝ խելքներս գլուխներս հավաքենք, ամեն մեկս հասկանա իր գործած մեղքը, և երկիր կառուցենք։ Եթե ոչ, ուրեմն՝ չենք մնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

Դերասանի կարծիքով՝ պետք չէ մեղավորներ փնտրել այն ամենում, ինչ կատարվում է մեր երկրում. մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է. «Ինձ բազմիցս ասել են՝ ծախված ես, էս ես, էն ես։ Ես միշտ ցանկացել եմ իմանալ՝ ինչո՞ւմն է իմ ծախված լինելը, չեմ կարողացել հասկանալ։ Ինձ մեղադրում են, որ ժողովրդական արտիստ եմ։ Այո, վաստակավոր արտիստի կոչում տվեցին, չկարողացան բացատրել՝ ինչի համար, վերադարձրել եմ։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ վաստակավոր արտիստի կոչումը։ Հետո ժողովրդական արտիստի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են տալիս, ընդունեցի։ Դրանից ո՛չ իմ կենսական վիճակը, ո՛չ կարգավիճակը չի փոխվում։ Ես ուզում եմ, որ դա հասկանանք։ Երբ ժողովրդական արտիստ չէի, իմ ներկայացմանը մարդ չէ՞ր գալիս, թե՞ ես ավելի վատ էի խաղում, ավելի քիչ էի վաստակում։ Ես մասնավոր սեկտոր եմ, ժողովրդական արտիստի կոչումն ինձ ոչինչ չի տալիս. Ո՛չ աշխատավարձս է բարձրացել, ո՛չ կոմունալ ծախսերն են նվազել, ոնց ապրել էի՝ այդպես էլ ապրում եմ։ Աղջիկս էլ շատ ուրախացել է այդ մեդալի համար, ամրացնում է դոշին և գնում է դպրոց»։

Կարդացեք նաև

Հրանտ Թոխատյանն ասաց, որ իրենց և Վարդան Պետրոսյանի ներկայացումների ուղերձը նույնն է. «Դրա համար եմ այսօր ափսոսում, որ Վարդան Պետրոսյանի ներկայացումները չկան։ Վարդան Պետրոսյանի տեղը շատ է երևում, նա պետք է լինի բեմում։ Ինչ կախված է մեզնից, այնպես պետք է արվի, որ Վարդանը վերադառնա ու խաղա իր ներկայացումները։ Թող Վարդանը գա՝ տանի հանդիսատեսին, ես միայն ուրախ կլինեմ։ Ես էլ եմ իր հանդիսատեսը, ինչպես որ ինքն է եղել մեր հանդիսատեսը։ Ա՛յ, դա է ճիշտ համագործակցությունը։ Մենք տարբեր ձևերով ենք մոտենում նույն հարցին»։

Դերասանի խոսքով՝ թատրոնը հենց նրա համար է, որ գույներն ավելի խտացված լինեն. «Դա վերաբերում է բոլոր կերպարներին»։

Հարցին՝ ո՞րն է իր մեղքը, Թոխատյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ այսօր կատարվում է ինձ հետ ու իմ երկրում, դրա մեջ իմ մեղքի չափաբաժինը կա։ Ուրեմն՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չեմ արել, ոնց որ պետք է անեի, ինչ-որ տեղ ինչ-որ բան կորցրել էի, սխալ եմ արել։ Եթե տարիներ առաջ այսպես հավաքվեինք, միգուցե այլ կերպ լիներ։ Մենք իրար էլ չենք լսում, նկատե՞լ եք։ Ամեն մեկն իր համար է»։

Ինչ վերաբերում է «Մեա Կուլպային»՝ դերասանն ասաց, որ բացասական լիդերների կերպարներն ընտրված են նրա համար, որ եթե, օրինակ՝ Ստալինի կերպարով ես ինչ-որ բան ասում, դա ավելի սուր է ստացվում։ Սցենարի հեղինակ Վահրամ Սահակյանն էլ ասաց, որ մտածողության խնդիր կա. «Եթե ժողովրդի մեծ մասն ունի այնպիսի մտածողություն, որը բնորոշ է խորհրդային ժամանակներին, չի փոխվում, և այդպես էլ սերունդ է դաստիարակում, ամեն ինչ դրվում է կենցաղային շահի վրա։ Եթե ես հույս չունենամ, որ մի բան կփոխվի, մեր աշխատանքն իմաստ չի ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս