Բաժիններ՝

Ինչո՞ւ է լեհ գործարարը զբաղվելու բիզնեսով Հայաստանում. կայացավ հայ-լեհական գործարար համաժողով

Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Լեհաստանի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպել է հայ-լեհական գործարար համաժողով` B2B (բիթուբի) հանդիպումների ձևաչափով, որի ընթացքում հայ և լեհ գործարարները ներկայացրեցին իրենց ընկերությունները:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանի և Լեհաստանի տնտեսական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և մեր երկրների կառավարություններին հաջողվել է ստեղծել բարենպաստ միջավայր` համագործակցությունը զարգացնելու համար:

Նա նշեց, որ դեկտեմբերին անցկացվելու է Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ. «Չնայած վերջին տարիներին ունենք աճի միտում, սակայն ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները չեն կարող գոհացնել մեզ և ջանքեր են գործադրվում երկու երկրների տնտեսությունները միմյանց կապելու համար: Լեհաստանը Եվրամիության ամենաարագ զարգացող և խոշոր տնտեսություններից մեկն է: Նոր աշխարհաքաղաքական զարգացումներն էլ Հայաստանն են դարձրել գրավիչ Լեհաստանի համար` ԵԱՏՄ-ի, Իրանի հետ տնտեսական գործունեություն ծավալելու առումով»:

«Բլյու Այդիա» ընկերության խորհրդի նախագահ Լուկաշ Վալերիանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է ինքը զբաղվելու բիզնեսով Հայաստանում: Ըստ նրա` ՏՏ ոլորտում Լեհաստանը կարիք ունի 50 հազար մասնագետների, իսկ Հայաստանում կան այդ մասնագետները: «Ես կարծում եմ` Հայաստանը շատ գրավիչ է բիզնեսի համար»,- ասաց Լ. Վալերիանը` համեմատություն անցկացնելով Հայաստանի և Լյուքսեմբուրգի ու Լիխտենշտեյնի միջև, որոնք էլ ավելի փոքր շուկա են, բայց գրավիչ միջավայր ունեն:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում կան զարգացման հնարավորություններ, նաև կան խնդիրներ: Հայաստանն ունի շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Մենք որոշել ենք դուստր ձեռնարկություն բացել այստեղ, որը կզբաղվի բարձր տեխոլոգիաներով, ծառայություններ կմատուցի Լեհաստանի հաճախորդներին: Ես համոզված եմ, որ այս համագործակցությունը նոր զարկ կտա Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններին»,- ասաց լեհ գործարարը:

Նշենք, որ լեհական ընկերություններն առաջարկում են մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումներ, քիմիական հումք, կենցաղային քիմիա, կոսմետիկա, նորարարական տեխնոլոգիաներ կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար, ճարտարապետություն, շինարարություն:

2016 թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 53.94 մլն դոլար, որից Հայաստանից արտահանումը` 18.8 մլն, իսկ ներմուծումը` 36.1 մլն դոլար: Ապրանքաշրջանառության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 13%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս