Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը ևս երկու մարդու է ձերբակալել Լոնդոնի մետրոյում ահաբեկչությունից հետո

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը եւս երկու տղամարդու է ձերբակալել Լոնդոնի մետրոյի կայարանում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնել է BBC-ն: Ձերբակալվածներից մեկը 48 տարեկան է, մյուսը՝ 30, նրանց կալանքի տակ են վերցրել տներից մեկում կատարված խուզարկությունից հետո: Այդպիսով, ընդհանուր առմամբ այդ գործով ձերբակալվածների թիվը հասել է հինգի:

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին էր ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: 25-ամյա տղամարդը ձերբակալվել է Ուելսի Նյուպորտ քաղաքում:

Սքոթլենդ-Յարդը հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին ձերբակալված մյուս երկու կասկածյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Խոսքը վերաբերում է Սիրիայից եւ Իրաքից երկու փախստականների՝ 21-ամյա մի երիտասարդի, որին բռնել են Լոնդոնի Հաունսլոու շրջանում, եւ 18-ամյա մի պատանու՝ որին ձերբակալել են Դուվրի նավահանգստում:

Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս