«Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան». Հրանուշ Հակոբյան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական համայնքներում շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, և դրանով ուծացման գործընթացն արագանում է:
«Հայաստանից դուրս ապրող, մենք ասում ենք՝ 7 միլիոն հայ, բայց դրան պետք է գումարել ևս 2 միլիոն իսլամացած հայեր, որոնք այսօր փոփոխվող աշխարհում չեն վախենում խոսել իրենց ինքնության մասին»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ այսօր 118 երկրում ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ. «Հայկական սփյուռքում՝ երկրներում և քաղաքներում, ունենք 829 համայնք և 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ, վանքեր, հազարից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն»:
Խոսելով խնդիրների մասին՝ Հրանուշ Հակոբյանը մատնանշեց, որ հայկական համայնքները տեղաշարժվում են Միջին Արևելքից և փոքրանում են.
«Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին դասական սփյուռքի մեջ, ինքնակազմակերպման խնդիրներ կան որոշ տարածքներում, 70-80 տոկոսը չեն մասնակցում հայկական կյանքին, այսինքն՝ արտագաղթ կա համայնքներից, չկա տարբերակված աշխատանք հաջողակ և խոցելի խմբերի հետ, խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկական դպրոցները, նվազում է աշակերտների թիվը»:
Նախարարն ասաց, որ Հայկական սփյուռքը հռչակվել է՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ. «Եվ ամրագրել ենք այն Սահմանադրությամբ, և այստեղ գլխավոր խնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձությունն է, և երրորդը՝ լեզվի և հայկական պատմամշակութային արժեքների պահպանումը և երիտասարդությունների կրթությունը»:
Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նա ասաց, որ դա հայապահպանության կարևորագույն ձևն է:
«Որքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին, երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ հայրենիքի մասին, միևնույն է՝ վերացական պատկերացումները չեն կարող հոգեկան այնպիսի տվայտանք առաջացնել, ինչպես, երբ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, տեսնում է իր աչքերով Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին, այլևս այս երեխան հայ է մեծանում»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է գա տեսնի հայրենիքը:
Անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին՝ նա կարևորեց, որ սփյուռքը կանգնած է սիրիահայերի «մեջքին»: Նա ողջունեց, որ սիրիահայերը հաստատվել են Հայաստանում, և նշեց, որ նրանցից շատ բան ունենք սովորելու: Նա նկատեց, որ սիրիահայերը համեստ, գործունյա մարդիկ են և 4-5 տարվա ընթացքում այնպիսի բիզնեսներ են անում, որ հայաստանցիները տարիներ շարունակ չեն կարողանում: «Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ սիրիահայերի հետ կապված շատ խնդիրներ կան՝ բնակարանների, բիզնես ծրագրերի առումով: