«30 տարի է նման բան չէի տեսել». ինչպես անցավ «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն
Սեպտեմբերի 14-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենցավ «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» ներկայացվեց իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ՝ Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարի ուղեկցությամբ: Մեգաշոուն ղեկավարում էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանը:
Մեգաշոուն մեկնարկում էր երեկոյան ժամը 19:00-ին, բայց, օժտված լինելով վերին աստիճանի անհամբերատար բնավորությամբ, ես պոտենցիալ դեպքի վայրում էի ժամը 18:00-ին, ինչն էլ հնարավորություն տվեց զննել օպերային թատրոն շտապող, արիստոկրատ տեսք ունեցող կանանց և տղամարդկանց. զուսպ, դասական զգեստներ, շոգն անտեսող կոստյումներ և տոնական սանրվածքներ: Վերջիններս մեծամասամբ տարեց երկրպագուներ էին, սակայն, արդարության համար պետք է նշեմ, որ քիչ չէին նաև երիտասարդները: Այցելուների շրջանակներում աչք էին ծակում նաև զբոսաշրջիկները:
Հայաստանում առաջին անգամ ներկայացված մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում: Հայ հանդիսատեսի կողմից Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» նույնպես արժանի գնահատական ստացավ. սկիզբը լարված էր, ընթացքն՝ առանց նույնիսկ ամենաչնչին շշուկների, իսկ ավարտն ուղեկցվեց «ապրեք»-ներով, «bravo»-ներով և «молодец»-ներով:
«Հրաշալի էր: Ինչպիսի՜ պատկերներ էին, պարզապես հիասքանչ էր: 30 տարի է նման բան չէի տեսել, 30 տարի նման պոզիտիվ լիցքեր չէի ստացել»,- համերգից հետո իր տպավորություններով կիսվեց հանդիսականներից մեկը՝ տիկին Սվետան:
Ամբողջ ներկայացման ընթացքում, երբ Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի կենդանություն առած որմնանկարները՝ միախառնված ծերուկ Վերդիի գլուխգործոցի հնչյունների հետ, դժոխային ուժով «հարձակումներ» էին գործում, երբ մարդկային անզորությունն իր գագաթնակետին էր հասնում Lacrimosa-ի ժամանակ, մտքումս անընդհատ մի միտք էր պտտվում, ի վերջո՝ Մոցարտի՞, թե՞ Վերդիի «Ռեքվիեմը»: Այս հարցի շուրջ մեգաշոուի ավարտից հետո 168.am-ի հետ զրույցի ժամանակ իր տեսակետով կիսվեց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը.
«Այս հարցի շուրջ երկու տեսակետ կա. մի մասը կարծում է, որ Մոցարտինն է ավելի հզոր, մյուս մասը՝ Վերդիինը: Իսկ խելացիներն ասում են՝ երկուսն էլ հավասարապես հանճարեղ են»:
Պրեմիերայից օրեր առաջ զրուցել էինք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, ով, խոսելով օպերային թատրոնի մասին, նշել էր, որ «սա երաժշտության տաճար է, սա գեղեցիկ, արժանի վայր է, այն վայրը, ուր մարդիկ պետք է ուղիղ մեջքերով գան»: Մաեստրո Օրբելյանի ցանկությունն այսօր իրականացավ. մարդիկ, իսկապես, և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով ուղիղ մեջքերով էին ամբողջ մեկ ու կես ժամվա ընթացքում:
Անի Գաբուզյան
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի, hetq.am