Skype-ի աշխատանքում ընդգրկուն խափանում է տեղի ունեցել
Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում դարձյալ խափանումների են բախվել ծառայության աշխատանքում։
«Մենք տեղյակ ենք այն խնդրին, որ օգտատերերը չեն կարողանում ուղարկել կամ ստանալ Skype չաթի հաղորդագրությունները: Մեր ինժեներների խումբն արդեն աշխատում է»,-ասված է Skype-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: Խնդիրն առավել մեծ չափով զգացել են Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի օգտատերերը:
Հունիսին Skype-ի օգտատերերն արդեն խնդիրների էին բախվել ծառայության աշխատանքում: Մասնավորապես, նրանք չէին կարողանում ուղարկել կամ ստանալ հաղորդագրություններ: Խափանումը վերացնելու համար պահանջվեց շուրջ երկու օր: Այս անգամ Microsoft-ն արագ է արձագանքել խնդրին: «Լավ նորություն է այն, որ մի քանի րոպեից մեր կոնտակտներն ի վերջո կստանան հաղորդագրությունները»,-նշել է ընկերությունը:
Skype ընկերությունը հիմնվել է 2003 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք է բերել 8,5 մլրդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: