Լուրջ տարաձայնություններ՝ նախագահ Թրամփի քաղաքական թիմում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմում առկա են լուրջ հակասություններ, որոնք հանրայնացվել են վերջին շրջանի քաղաքական զարգացումների հետևանքով, ներառյալ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի ու նախագահ Թրամփի միջև հակասություններն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ու նախագահի տեղեկատվական բաժնի ազդեցիկ ղեկավարի միջև տարաձայնույունները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նախագահի մամլո խոսնակը ոչ հաստատել և ոչ հերքել է աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսի նկատմամբ նախագահի ունեցած անվստահության մասին լուրերը: Տեղեկատվական բաժնի ղեկավար Էնթոնի Սքարամուչիի հետ ունեցած հակասությունների մասին տեղեկությունը մամուլին հայտնի է դարձել Սքարամուչիի տված տեղեկությունների արտահոսքի արդյունքում:
«Նախագահը ողջունում է և խրախուսում նման մրցակցություն»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:
Սակայն որոշ հանրապետական օրենսդիրների համար սա առողջ մրցակցություն չէ:
«Ռեյնսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում Սպիտակ տանը, և ես համուզված եմ՝ նախագահը նրան վստահում է: Եթե այդ երկու պարոններն ունեն անհամաձայնություններ, ապա իմ խորհուրդն է, որ նստեն ու քննարկեն դրանք»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Սքարամուչին, ով ենթարկվում է ուղիղ նախագահին, վստահ չէ, որ տարաձայնությունները հնարավոր է վերացնել:
«Որոշ եղբայրներ նման են Կայենին և Աբելին: Այլ եղբայրներ կարող են վիճել միմյանց հետ և մոռանալ դրա մասին: Ես չգիտեմ արդյոք այս ամենը հնարավոր է վերականգնել, թե ոչ: Դա պետք է նախագահը որոշի»,- նշել է Սքարամուչին:
Էնթոնի Սքարամուչին կոշտ քննադատության է ենթարկել Ռեյնսին և նախագահի խորհրդական Սթիվ Բենոնին «New Yorker»-ին տված իր հարցազրույցում: Հայտնի է, որ Ռեյնսն ու Բենոնը դեմ են եղել, որ Սքարամուչին փոխարիներ իրենց դաշնակից Շոն Սփայսերին: