Բաժիններ՝

«Բագրատաշենի բնակիչներին ինչ-որ այլընտրանք պետք է առաջարկվի». Լենա Նազարյան

«Առաջին խնդիրն այն է, որ բնակիչները տեղյակ չեն եղել, գնացել, ապրանք են բերել և հենց այդ պահին են տեղեկացել, որ այդպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որն իրենց վրա անմիջապես ազդել է։ Երկրորդ՝ թվում է, թե մեծ բան չէ, բայց կան կոնկրետ մարդիկ, որ զբաղվում են այդ մանր առևտրով, Վրաստանից միրգ ու բանջարեղեն են բերում քիչ քանակությամբ, բայց այդ քիչ քանակությունն էր բավարար է լինում, որ արգելքի տակ հայտնվեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։

Հիշեցնենք, որ այս սահմանափակման պատճառով Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներն օրերս սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով Հայաստան մտնող ճանապարհը։

Լ. Նազարյանը նշեց, որ հարցում է ուղարկել համապատասխան մարմիններին, որ ավելի մանրամասն տեղեկանա խնդրին։

Նրա բնորոշմամբ՝ այդ մանր առևտուրը շատերի համար ապրուստի միջոց է և, բնականաբար, անհանգստացնող հանգամանք է, որ այդ տարածքի բնակավայրերի բնակիչները չեն կարողանալու իրենց գործը շարունակել։

Լ. Նազարյանի խոսքով՝ ԵԱՏՄ համաձայնագիրը կնքելուց հետո մի գործընթաց է սկսվել, որ պարզ չէ, թե այս պահին ինչքանով է անդառնալի, պարբերաբար տարբեր խնդիրներ են ծագում՝ վարորդական վկայականների հետ կապված, Ռուսաստանի անցակետում միրգ արտահանողներից կաշառք են վերցնում, և այլն. «Այս խնդիրներով պետք է լուրջ զբաղվել։ Այժմ պետք է այդ մարդկանց շահերի պաշտպանությունն ակտիվորեն իրացվի, կամ բացատրեն մարդկանց, ինչ-որ այլընտրանք առաջարկեն»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս