Բաժիններ՝

ԱՄՆ-ն հորդորել է Թուրքիային ազատել ձերբակալված լրագրողներին

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Նա մասնավորապես անդրադարձել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների դեմ հարուցված դատական գործին՝ նշելով, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը մոտիկից հետևում է դատավարության ընթացքին: «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել ու ապահովել խոսքի, արդար դատավարության ազատությունը, մարդու մյուս իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ազատ արձակել լրագրողներին և մյուսներին, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կալանքի տակ են առնվել»,- ասել է Նոյերթը:

«Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել 2016 թվականի հոկտեմբերից: Պարբերականի 17 աշխատակից մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ այդ խմբավորմանն աջակցելու», «հանցախմբի անդամ լինելու» մեջ: Մեղադրյալների համար պահանջվում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս