«…Դրա համար էլ ֆիլմը ստեղծվեց և կորավ». գտնվել է 48 տարի կորած համարվող «Երազողները» ֆիլմը
Համացանցում է հայտնվել 48 տարի կորած համարվող «Երազողները» ֆիլմը։ Այն նկարահանվել է 1969 թվականին հայկական հեռուստատեսության «Երևան» կինոմիավորման կողմից։ Ֆիլմի հերոսները «Երազողները» ռոք-խմբի անդամներն են։ Ռեժիսորն է Անատոլի Մոկացյանը։
Լիվերպուլյան քառյակը՝ «Բիթըլզը», ու հայաստանյան հնգյակը՝ «Երազողները»
«Երազողներ» խմբի անդամներն էին Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, որին փոխարինել է Արմեն Զաքարյանը։
Զավեն Սարգսյանի խոսքով՝ խմբի ձևավորման հիմքը դպրոցական դուետն էր կազմում, ինչպես «Բիթըլզի» դեպքում։ Զավեն Սարգսյանն ու Հրայր Կոտոյանը նույն դասարանում են սովորել, համատեղ երգել են նաև։ Համալսարանական տարիներին Պոլիտեխնիկում ծանոթացել են Հակոբ Պետրոսյանի հետ, հետո նրանց են միացել Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (ավելի ուշ՝ Արմեն Զաքարյանը)։
Խմբի անդամները հիմնականում «Բիթըլզ» էին լսում, այդ իսկ պատճառով էլ լիվերպուլյան քառյակից ոգեշնչված՝ 1965 թվականին ձևավորվեց հայաստանյան հնգյակը։ Սկզբնական շրջանում համերգներ էին տալիս հենց Պոլիտեխնիկում։
Խմբի գործունեությունը դադարեցվել է 1970 թվականին։
«Բիթըլզները պրծան, մենք էլ պրծանք»,- ասաց Երվանդ Երզնկյանը։
…«Երազողները» ֆիլմ ստեղծվեց…
Ֆիլմի ռեժիսորը՝ Անատոլի Մոկացյանը, «Բիթլզի» մասին պատմող ֆիլմը տեսնելուց հետո առաջարկել էր նկարահանել «Երազողների» մասին պատմող ֆիլմ, ինչին իր հավանությունն էր տվել ՀԽՍՀ Հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ Ջոն Կիրակոսյանը:
Ֆիլմը նկարահանվել է Սևանում։ Երվանդ Երզնկյանի խոսքով՝ մեկօրյա ֆիլմ նկարահանելու համար մեկ ամսից ավելի անցկացրել են Սևանում։
«Երազողները» ֆիլմը սկսվում է Ստեփան Շաքարյանի գրած երգով։
«Ֆիլմը նկարահանված է Սևանի ճանապարհին, ու այդ ընթացքում մենք պետք է մեքենա կանգնեցնեինք, բայց քանի որ այդ ժամանակներում հիմնականում բեռնատարներ էին միայն անցնում, դրա համար էլ մենք ԳԱՅ-ին խնդրեցինք, որ մի քանի մեքենա կանգնեցնեն, հետո միանգամից բաց թողնեն, որ շատ երևա կադրում»,- պատմեց Զավեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ դժվար էր նաև Սևանում գեղեցիկ կազմվածքով կին գտնելը, այդ իսկ պատճառով էլ նրանք Երևանից էին բերել։
…Կորավ…
Ֆիլմը նկարելու ընթացքում ՀԽՍՀ Հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ Ջոն Կիրակոսյանին փոխարինելու եկավ Մավր Կիրակոսյանը, ում, սակայն, դուր չեկան խմբի երգերը։
«Ասեց՝ էս ի՞նչ ա, աղավաղում են երգերը, մազերը երկար են, կամ էդ ի՞նչ են հագնում։ Դրա համար էլ ֆիլմը ստեղծվեց և կորավ»,- ասաց Երվանդ Երզնկյանը։
Տեղի ունեցավ ֆիլմի միայն մեկ ցուցադրություն՝ Արվեստի աշխատողների տանը, որից հետո ֆիլմը կորավ։
…Գտնվեց…
Ֆիլմի կորչելուց ուղիղ 48 տարի հետո Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի շնորհիվ գտնվեց ֆիլմը։
«Ռուբեն Ջաղինյանի հետ խոսում էինք ուրիշ բանի մասին, խոսակցության մեջ ասացի, որ այսպիսի խումբ ենք ունեցել, որի մասին կինո էր նկարվել, բայց այն արգելվել է ու կորել։ Դրանից ուղիղ երեք օր հետո նա զանգել է Զավենին ու ասել, որ ֆիլմը գտնվել է»,- նշեց Երվանդ Երզնկյանը։
Անի Թորոսյան