Դավիթ Հարությունյանը՝ Ռուսաստանի նոր պահանջի մասին
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի Պետական դումայի ընդունած օրենքի նախագծին, որով, կարելի է ասել, պատժամիջոցներ են կիրառվում Հայաստանի նկատմամբ։ Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ Հայաստանը չպե՞տք է կոշտ դիրքորոշում արտահայտի այս առումով։
«Վարորդական վկայականները համարվում են ազգային փաստաթղթեր, ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով։ Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական վկայականի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում, և կարող է նաև թույլ չտալ»,- ասաց Հարությունյանը։
Ռուսաստանի Պետական դուման նախօրեին երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում մասնավորապես ասվում է.
«1995թ. դեկտեմբերի 10-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն կետի դրույթները չեն տարածվում Ղրղըզստանի Հանրապետության և այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ օրենսդրությամբ ռուսերենն ընդունված է որպես պաշտոնական լեզու, երբ տվյալ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացնում են ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն, որն անմիջականորեն կապ ունի տրանսպորտային միջոցների շահագործման հետ»։
Դավիթ Հարությունյանն այս խնդրի հետ կապված՝ բերեց սիրիահայերի օրինակը.
«Մեր հայրենակիցները, երբ Սիրիայից գալիս էին, նրանց վարորդական փաստաթղթերը չէին գործում, և ՀՀ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, թե ինչքան ժամանակ նրանք ունեն, որպեսզի հանձնեն քննությունները մեր պահանջներով, ստանան մեր վարորդական իրավունքը։ Այսինքն՝ նմանատիպ երևույթ կա աշխարհի բազում երկրներում։ Դրանից միակ շրջանցման ելքը՝ ունենալ միջազգային վարորդական իրավունքի վկայական, որը գործում է բոլոր երկրներում, ուղղակի հնարավորություն չի տալիս կատարելու վարձու աշխատանք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում