ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատել է 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և հայտարարել դրանց ձևավորման մրցույթ
ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև քաղաքացիների ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:
Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.
Անվանական արժեք Թեմա
1 000 դրամ – Պարույր Սևակ
2 000 դրամ – Տիգրան Պետրոսյան
5 000 դրամ – Վիլյամ Սարոյան
10 000 դրամ – Կոմիտաս
20 000 դրամ – Հովհաննես Այվազովսկի
50 000 դրամ – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում»։