Բաժիններ՝

«Ինձ համար Հայաստանում ելույթ ունենալը միշտ տոն է». Մաքսիմ Վենգերով

Վաղը՝ հուլիսի 12-ին, կամփոփվի հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը։ Մրցույթին մասնակցել է աշխարհի 14 երկրի 48 դաշնակահար։ Նրանցից 20-ն անցել են մրցույթի երկրորդ փուլ, իսկ վաղը կայանալիք գալա համերգի ընթացքում կհայտարարվեն մրցանակակիրները և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։ Մրցույթ-փառատոնն ամփոփվելու է  աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգով։

«Փառատոնն ու մրցույթն ավելի քան կարևոր են մեզ համար։ Այս ծրագրի մտահղացումը պտտվում էր օդում, բայց  այս տարի մեզ հաջողվեց կազմակերպել այս ամենը։ Այն, որ այս ամենը մեզ մոտ ստացվեց, այն, որ Մաքսիմ Վենգերովը Երևանում է, շատ մեծ հաջողություն և համաշխարհային իրադարձություն է։ Ես թույլ եմ տալիս ինձ ասել, որ փառատոնը հաջողվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Նրա համոզմամբ՝ այն, որ Հայաստանում մենք  անցկացնում ենք միջազգային մրցույթ, և մարդիկ գալիս են Հայաստան՝ հավատալով, որ այստեղ ինքնարտահայտման հարթակ կա, շատ մեծ արժեք ունի։ Ս. Սմբատյանը հույս հայտնեց, որ այն մասնակիցները, որոնք կհաղթեն մրցույթում, հետագայում այնպիսի մեծ հաջողություն կունենան, որ կհպարտանան, որ «Արմենիա» մրցույթի հաղթողներն են եղել։

Իսկ Մաքսիմ Վենգերովը նշեց, որ իր համար շատ մեծ պատիվ է միշտ գալ այս հրաշալի, արևային, մշակութային երկիր։

Կարդացեք նաև

«Անցած անգամ, երբ մենք Սերգեյի հետ զրուցում էինք, նա պատմում էր ապագա ծրագրերի մտքերի մասին, և ես վստահ էի, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի. այնպիսի կայծ կար աչքերում։ Եվ հիմա որպես արդյունք՝ ունենք այս հրաշալի մրցույթ-փառատոնը»,- նկատեց Մաքսիմ Վենգերովը։

Նա Սերգեյ Սմբատյանի հետ կկատարի Բրամսի Ջութակի կոնցերտը։ Ըստ բանախոսի՝ դա ջութակի մշակույթի գագաթնակետն է, և այդ ստեղծագործությունը նա միշտ նվագում է մեծ հաճույքով, որովհետև ամեն անգամ նորություններ է գտնում այդ ստեղծագործության մեջ։

Ջութակահարը պատմեց, որ այստեղ նա մեկ անգամ ելույթ  է ունեցել իսրայելաբնակ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, իսկ հիմա որպես սոլիստ է ներկայանում. «Վահագնն ինձ համար ավելի քան դաշնակահար կամ դիրիժոր է, նա իմ մեծ եղբայրն է»։

Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում իր և Միշա Մայսկու բրյուսելյան համերգի մասին՝ Մաքսիմ Վենգերովն ասաց. «Երաժշտությունը յուրահատուկ լեզու է, որը հնարավորություն է տալիս առանց բառերի փոխանցել տարբեր էմոցիաներ, և դրա համար, իմ կարծիքով՝ երաժշտությունը պետք  է հնչի ամենուր՝ առանց արգելքների։ Երաժշտությունը քաղաքականության մեջ չէ,  երաժշտությունն այն է, ինչի միջոցով իրար հասկանում են բոլորը՝ անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից»։

Ջութակահարը նկատեց նաև, որ հայ հանդիսատեսը  շատ ջերմ է և իր և Վահագն Պապյանի համերգի ժամանակ այնպես է ծափահարել, որ իրեն թվացել է, թե ռոք համերգ է։

«Ինձ համար Հայաստանում ելույթ ունենալը միշտ տոն է։ Ես էլ շատ զգացմունքային եմ և այստեղ ներդաշնակ եմ  հանդիսատեսի հետ»,- հավելեց Մաքսիմ Վենգերովը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս