«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ». Նիկոլ Փաշինյան
«Իմ այսօրվա ելույթը վերնագրված է՝ քուանշ, պարոն գլխավոր դատախազ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նրանց համար, ովքեր չգիտեն` ասեմ, որ քուանշը մի տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և այսօր 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն գլխավոր դատախազին»,-ընդգծեց ատգամավորը:
Առաջինը Փաշինյանն անդրադարձավ մարտի 1-ի գործին, և նշեց, որ դրա վերաբերյալ գլխավոր դատախազն ասում է, թե իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008թ: մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձնանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ. Էդ ուզում եք ասել, որ հիմա դուք որևէ գործողությո՞ւն եք կատարում մարտի 1-ի գործով: Դուք կարող եք ցույց տալ որևէ գործի մասին արձանագրություն, որտեղ կերևա, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է: Արդեն երրորդ գլխավոր դատախազն է նույնն բանն ասում, և թույլ տվեք ասել, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտման կոդը դրված է այդ քրեական գործի հիմքում, որովհետև բոլոր զոհերը, բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի և ոստիկան Համլետ Թադևոսյանի, քրեական գործում բնորոշված են՝ որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ: Այսինքն՝ առանց դատ-դատաստանի այդ մարդկանց համարել են արդեն հանցագործության մեղսակիցներ և մասնակիցներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սպանված ցուցարարներից՝ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի Տիգրան Խաչատրյանի սպանողների անունները հայտնի են, որովհետև նրանք սպանվել են չերեմուխայի օդից, որն օգտագործել է 5 ոստիկան:
«Մենք չգիտե՞նք այդ մարդկանց տեղակայման վայրերը՝ որտեղ են տեղակայվել, ի՞նչ ուղղությամբ են կրակել: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հազարավոր տեսանյութեր կան, որտեղ ամեն ինչ նկարահանված է. էդ ամեն ինչ նկարահանված է՝ բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»,-նկատեց Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» գործին և նշեց, որ ըստ դատախազի՝ այդ մարդիկ չեն կարող տեսնել իրենց երեխաներին՝ ելնելով քրեական գործի շահերից.
«Քուանշ, որովհետև ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 15-րդ հոդվածն ասում է՝ մերձավոր ազգականների հետ տեսակցություն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ: Նույն հոդվածը նաև ասում է՝ մերձավոր ազգականների կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:
Ես հարցուպատասխանի ժամանակ ասացի՝ եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին, և պարզվեր, որ օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք: Բայց ուղղակի արգելք դնելը հաշվեհարդար է. խոշտանգումը ո՞րն է, պարտադիր է եղունգները քաշե՞ն, դա էլ է խոշտանգում»:
Անդրիաս Ղուկասյանի գործի վերաբերյալ Փաշինյանը հիշեցրեց, որ նրա խափանման միջոցը փոխվի անձնական երաշխավորությամբ, բայց ըստ նրա՝ գլխավոր դատախազն ասում է, որ դա հնարավոր չէ. «Քուանշ, ես և Մանե Թանդիլյանը հանդիպել ենք Անդրիաս Ղուկասյանին և ասել, որ պարտաստ ենք անձնական երաշխավորությամբ հանդես գալ, նա ասում է՝ այո, ինքը որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը: Եթե ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխիք չէ, բա ո՞ւմ համար է երաշխիք: Թե՞ եթե Անդրիաս Ղուկասյանը ռեցիդիվիստ լիներ և ասեր, որ ՀՀԿ-ի համար իրենց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում կտայիք, բանտից կազատեիք»:
Հաջորդ դրվագն, ըստ Փաշինյանի՝ «հաց բերողի» գործին է վերաբերում. «2016թ. դեկտեմբերին հաց բերողն ազատ է արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ըստ որի՝ Արթուր Սարգսյանն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Դրա հիման վրա նախաքննության մարմինը նրան կալանքից ազատել, բայց զուգահեռ կրկնակի փորձաքննություն է նշանակել, մանավանդ, որ նա անբուժելի հիվանդությունների փունջ ունի:
Պարզ է, որ դա հաշվեհարդար էր, որովհետև նա հարցազրույց էր տվել, որը լայն արձագանք էր գտել, նա որոշակի առումով հերոս էր դարձել: Բայց ո՞նց կլինի ՀՀ-ում այլ հերոս լինի, այստեղ միակ հերոսը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Պարոն գլխավոր դատախազ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամների վրա քրեական գո՞րծ եք հարուցել՝ սխալ եզրակացություն տալու համար: Բա, եթե սխալ էր այն եզրակացությունը, որ նա ունի անհամատեղելի հիվանդություններ, ուրեմն՝ նախաքննության մարմնին խաբել է միջգերատեսչական հանձնաժողովը»:
Նա նշեց, որ գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, թե նա դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցրել է, Փաշինյանը չի կարող ասել՝ քուանշ. «Այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը կապույտ»: