Բաժիններ՝

«Սասնա ծռերին» թույլ կտան տեսակցել հարազատների հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց «Սասնա ծռերի» գործով և հարակից գործերով կալանավորված անձնանցից։

««Սասնա ծռերի» գործով և հարակից գործերով անձինք՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Սաֆարյան և այլք, մոտ մեկ տարի է՝ կալանքի տակ են, և այս մեկ տարվա ընթացքում ընտանիքի անդամներին մի անգամ տեսակցելու հնարավորություն չի տրվել։ Ես չեմ կարծում, որ սա ունի որևէ քրեաիրավական բացատրություն, որովհետև տեսակցությունները տեղի են ունենում քրեակատարողական ծառայողների ներկայությամբ։

Սա իմ կարծիքով՝ տեղափոխվում է արդեն լրիվ ուրիշ հարթություն։ Մենք միջնորդնել էինք Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու համար, և նրանից հավաստիացում էինք ստացել, որ ինքը նախաքննությանը չի խոչընդոտի, բոլոր կանչերով կներկայանա և այլն։

Անդրիաս Ղուկասյանի համար պատրաստ էինք նաև անձնական երաշխավորությամբ հանդես գալ, բայց մեր միջնորդությունը դուք մերժեքից։ Կարծում եմ՝ այստեղ հաշվեհարդարային դրսևորումների հետ գործ ունենք և նրա՝ կալանքի տակ գտնվելն այդքան էլ կապված չէ այս քրեական գործի հետ։ Հիմա էլ նրա փաստաբանն ու հարազատներն ահազանգում են, որ վկաներ կան, որոնք կարող են հերքել նախաքննության մեղադրանքները և նախաքննության մարմինը հրաժարվում է այդ մարդկանց հարցաքննել՝ որպես վկա։ «Հաց բերողի» հետ կապված անձամբ ձեզ զգուշացրել ենք, որ այս համակարգը մահվան է դատապարտում, կյանքը ցույց տվեց, որ ձեր բնորոշմամբ՝ մեր ոչ փորձագիտական կարծիքը ճիշտ էր»,-ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ տեսակցությունների սահմանափակումն ինքնանպատակ չէ. «Սա դարձյալ քրգործի համապատասխան փաստական հանգամանքներից պետք է բխի, դարձյալ պայմանավորված է վարույթում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովմամբ։ Առանձին դեպքերում տեսակցությունների ապահովման պայմաններում մեղադրյալը կարող է նաև ներգործություն ունենալ ապօրինի՝ վարույթի իրականացման վրա։  Անձնական կամ հաշվեհարդարի որևէ խնդիր չկա։ Այդ գործերով ակնհայտորեն առկա են եղել անհրաժեշտ հիմքերը՝ մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու, մեղադրյալների կողմից վարույթի նկատմամբ ապօրինի ներգործությունը բացառելու համար»։

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանին, ապա նա ասաց, որ իրենք պարզաբանում են տվել «Ելք»-ի ներկայացրած դիմումին, որում նշել են, որ համապատասպան քրգործով ձեռք բերված փաստական տվյալները, Անդրիաս Ղուկասյանին մեղսագրվող արարքներն այնպիսին են, որ անձնական երաշխավորությունը կամ իրենց առաջարկած խափամնամ միջոցի ընտրությունը հնարավորություն չի տալիս երաշխիք ունենալ, որ կապահովվի նրա պատշաճ վարքագիծը.

«Բացառապես դրանով է պայմանավորված եղել։ Իսկ ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին, այդպես չի կարելի ասել և դա ճիշտ չէ, որ կյանքը ցույց տվեց իմ աշխատասենյակում մեր քննարկման արդյունքը։ Եթե նկատի ունեք Արթուր Սարգսյանի մահը, ապա մի մոռացեք, որ մեր քննարկումից հետո մենք ունեցանք լուրջ իրադարձություններ։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանը տևական ժամանակ գտնվում էր ազատության մեջ։ Նա ուղղակի ցուցումով շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, ընդ որում՝ այնպիսի հիվանդությամբ, որ նրա կալանավորման խոչընդոտման հետ ընդհանրապես կապ չուներ»։

Դատախազն ասաց, որ քրգործի ավարտին մանրամասները կհրապարակեն Արթուր Սարգսյանի մահվան մասին։

Փաշինյանը նկատեց, որ եթե մի անգամ տեսակցություն թույլ տված լինեին, և դրա ընթացքում նախաքննությանը խոչընդոտող իրադարձություններ տեղի ունեցած լինեին, ապա դատախազի ասածը հասկանալի կլիներ, բայց այս դեպքում, ըստ Փաշինյանի՝ անտրամաբանական է, որ մարդկանց չեն թույլատրում տեսակցել իրենց երեխաների հետ։

Դատախազն էլ նշեց, որ այդ հիմքերը կոնկերտ գործի հանգամանքներով են պայմանավորված եղել. «Հիմա մենք ավարտել ենք նախաքննությունը, գործը դատաքննության փուլում է, և դատարանն արդեն հնարավորություն է ունենում նրանց մերձավոր ազգականների հետ տեսակցությունները բացել։ Նախաքննության ընթացքում էլ բազմաթիվ մեղադրյալների համար տեսակցությունները բացվել են՝ արդեն իսկ իմ կողմից նշված համապատասխան հիմնավորումներով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս