«Ալերգիան չի կարելի վերացնել ինքնաբուժմամբ. կարող են լինել սրացումներ». ալերգոլոգ

Ալերգոլոգ Զարուհի Կալիկյանի խոսքով՝ ալերգիան քրոնիկ վիճակ է: Այն իմունաբանական մակարդակով օրգանիզմի գերզգայուն վիճակն է նորմալ համարվող նյութերի նկատմամբ: Ալերգոլոգը խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժմամբ, անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կարող են սրացումներ լինել՝ հանգեցնելով բրոնխիալ ասթմայի և անաֆիլակտիկ շոկի:

Խոսելով ամառային ալերգիայի մասին, Զարուհի Կալիկյանը նշեց, որ այն սեզոնային բնույթ ունի, ինչի առաջացման հիմնական պատճառը ծաղկափոշին է, որը շնչուղիների միջոցով ընկնելով մեր օրգանիզմ՝ ստեղծում է գերզգայուն վիճակ: Դա հիմնականում դրսևորվում է հարբուխի, փռշտոցների պես արտահայտվող նշաններով:

Ալերգոլոգը պարզաբանեց, թե ինչու են հիմնականում ալեգիան պայմանավորում արևով. «Իհարկե, արևն ունի որոշ նշանակություն, բայց հիմնականում արևն այնքան էլ ալերգեն չէ, պարզապես արևոտ, չոր եղանակին ծաղկափոշին սովորաբար օդում այն մակարդակի վրա է գտնվում, որ ընկնելով քթի, աչքերի լորձաթաղանթի վրա՝ առաջացնում է ալերգեն երևույթներ»:

Մասնագետի խոսքով՝ ամառային ալերգիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև մրգերը, բանջարեղենը, որոնք օգտագործվում են ամռանը:

Կարդացեք նաև

Զարուհի Կալիկյանը նաև նշեց, որ ալերգիկ սրացումներ ամռան ընթացքում շատ են լինում արտերկրից եկած մարդկանց մոտ: Հիմնական պատճառը կեչին է: Այն ամենաալերգենային ծառն է, որն իր հերթին՝ ունի նաև խաչաձև կապեր տարբեր մրգային ծառերի, հատապտուղների հետ:

Ալերգիան մարդուն ուղեկցում է բավականին երկար ժամանակ: Բանախոսի դիտարկմամբ՝ կան ալերգիայի որոշ ձևեր, որոնք ենթակա են նաև բուժման, բայց հիմնականում ստեղծվում է այնպիսի քրոնիկ վիճակ, որի ֆոնի վրա կարող են լինել նաև սրացումներ:

Ալերգիան համարվում է բարձր ժառանգական նախատրամադրվածությամբ վիճակ, այսինքն՝ ծնողների ալերգիկ լինելը մեծ ազդեցություն կարող է ունենալ երեխայի ալերգիկ լինելու վրա, բայց մոտ 10 % դեպքերում այդպիսի նախատրամադրվածություն չի լինում:

Ալերգոլոգի կարծիքով՝ ալերգիան մաշկի վրա կարող է դրսևորվել տարբեր երևույթներով. եղնջացանով, մանր ցաներով, կարող է անգամ այտուց լինել: Սննդային ալեգիաների դեպքում մարսողական համակարգն է ախտահարվում, կարող են լինել փսխումներ, փորլուծություն, անաֆիլակտիկ շոկ:

Նա վստահեցնում է՝ ալերգիայի դեմ պայքարի որոշ ձևեր կան, որոնց միջոցով հնարավոր է բուժել այդ վիճակը:

«Կա մի վիճակ, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ կամ ալերգենաբնորոշ թերապիա, երբ հայտնի ալերգենով մենք կատարում ենք բուժում, ներարկում ենք այդ ալերգենը չափաբաժիններով և ստեղծում ենք անընկալունակ վիճակ տվյալ ալերգենի նկատմամբ»,- ասաց ալերգոլոգը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս