«Եթե Ադրբեջանը գնա ագրեսիայի, ապա Քուռ-Արաքսի ամբողջ հովիտը կանցնի Արցախի Հանրապետությանը». Գառնիկ Իսագուլյան
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե՝ առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան և Ստեփանակերտ, Ադրբեջանի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, ասաց, որ Ադրբեջանը մեխանիզմների ներդրման հարցում սխալ դիրքորոշում որդեգրեց, ինչին հակառակ՝ Հայաստանը միակողմանի այդ ամենն իր վրա է վերցրել և շփման գծի ամբողջ երկայնքով ամեն ինչին ուշադիր հետևում է.
«Եթե հանկարծ որևէ սադրանք լինի, մերոնք այդ ամենը տեսագրում և ցուցադրում են, նաև՝ կանխարգելիչ հարվածներ են հասցնում։ Համանախագահները տեսնում են այդ ամենը, և վերջին երկու հայտարարությունները բավականին օբյեկտիվ են։ Այդ օբյեկտիվությունն Ադրբեջանին գցում է բավականին ծանր վիճակի մեջ»։
Նրա խոսքով՝ եռանախագահող ուժային կենտրոնները որևէ կոնֆլիկտի շուրջ կլոր սեղանի շուրջ չեն նստում, և այդ խումբը, ըստ նրա՝ միայն Արցախի խնդիրը չէ քննության առնում. «Այս ֆորմատով շատ հետաքրքիր եռանկյունի է, և այդ ուժային կենտրոններն ուզում են, որ այդ եռանկյունին մնա։ Նրանք պարբերաբար պետք է նաև զբաղվեն իրենց առաքելությամբ։ Ես մտածում եմ, որ իրենք ցանկանում են, որ այս ֆորմատը շատ երկար գործի, քանի որ խնդրի վերջնական լուծումը կնշանակի, որ այս ֆորմատը պետք է գոյություն չունենա»։
Ըստ Իսագուլյանի՝ համանախագահողները համոզվեցին, որ արցախյան հիմնախնդիրն այս տարածաշրջանում կայունություն ապահովող խնդիր է. «Արցախն անվտանգություն արտադրող է, այնտեղ ուրիշ ուժեր չկան։ Սա տարածք է, որը ոչ միայն կարողանում է իր անվտանգությունը պաշտպանել, այլև անհրաժեշտության դեպքում կարող է լուրջ վնասներ հասցնել հակառակորդին։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կուզենա, որ նման սուբյեկտը, նման պետական կառույցը թուլանա կամ վերանա։ Ես վստահ եմ, որ Արցախը դե ֆակտո կայացած այս տարածքով մնալու է, և մի օր էլ դե յուրե ճանաչվելու է, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից։ Իսկ եթե Ադրբեջանը գնա ագրեսիայի, ես չեմ կարծում, որ այդ տարածքները մնալու են այդ մասշտաբների, այլ Քուռ-Արաքսի ամբողջ հովիտը կանցնի Արցախի Հանրապետությանը»։