Թրյուդոն չի պլանավորում դեկտեմբերի վերջին հրաժարական տալ. The Globe and Mail
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի պլանավորում հեռանալ պաշտոնից Սուրբ Ծննդյան տոների ընթացքում՝ չնայած կանադացի քաղաքական գործիչները նրան կոչ են անում հրաժարական տալ։ Այս մասին հաղորդում է կանադական The Globe and Mail պարբերականը՝ վկայակոչելով Լիբերալ կուսակցության մի աղբյուրի։
Ըստ աղբյուրի՝ Կանադայի ղեկավարն առայժմ հրաժարականի վերաբերյալ որոշում չի կայացրել։ Սուրբ Ծննդյան տոնը, այսինքն՝ դեկտեմբերի 25-ը, Թրյուդոն պլանավորում է անցկացնել Օտտավայում, իսկ հետո նա ընտանիքի հետ կմեկնի արձակուրդի Բրիտանական Կոլումբիայի նահանգի լեռնադահուկային հանգստավայր։
Լիբերալ կուսակցությունից պատգամավոր Ռենե Արսենոյի կարծիքով՝ Թրյուդոն մտածելու ժամանակ չունի։
«Նա չի կարող սպասել, նա պետք է ուղերձով դիմի կանադացիներին, պատմի, թե ինչ է տեղի ունեցել և հստակ նշի իր մտադրությունները», – ասել է խորհրդարանականը հրատարակությանը տված հարցազրույցում։
Արսենոն վարչապետին կոչ է արել «առաջին տեղում դնել կանադացիների շահերը» և պաշտոնաթող լինել։
The Globe and Mail-ի աղբյուրը հայտնել է, որ Լիբերալ կուսակցությունում կարծում են, որ Թրյուդոյի հրաժարականի դեպքում 2025 թվականի սկզբին պայքար կսկսվի կուսակցության առաջնորդության համար։ Ընդ որում, այդ շրջանում, որը կարող է տևել առնվազն չորս ամիս, հարկ կլինի դադարեցնել խորհրդարանի աշխատանքը։ Իրադարձությունների զարգացման այլընտրանքային սցենար կարող է լինել կուսակցության ժողովում ժամանակավոր ղեկավարի նշանակումը, ընդգծել է պարբերականի զրուցակիցը։
Դեկտեմբերի 16-ին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ Թրյուդոն որոշել է իրեն փոխադրել այլ աշխատանքի։ Նույն օրը կառավարությունից իր հեռանալու մասին է հայտարարել նաև բնակարանաշինության, ենթակառուցվածքների և համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը։
Դրանից հետո ընդդիմությունը և մի շարք հասարակական գործիչներ պահանջել են Թրյուդոյի անհապաղ հրաժարականը՝ նշելով, թե նա չի կարողանում վերահսկել իր նախարարների կաբինետը։ Դեռ ավելին, մի շարք լիբերալ պատգամավորներ հանդես են եկել Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից Թրյուդոյի հեռանալու օգտին։ Իր հերթին Թրյուդոն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից։
Դեկտեմբերի 21-ին CBC-ը հաղորդել էր, որ Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կարծում են, որ Թրյուդոյի հրաժարականի դեպքում կուսակցությունը կարող է գլխավորել Ֆրիլանդը: