«Արթկոսմեդի» գործունեությունը կկասեցվի․ ԱՆ–ն ստացել է լիցենզիայի կասեցման միջնորդությունը
Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդությունը: Նախարարությունը մինչև տարեվերջ կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կկասեցվի կենտրոնի գործունեությունը: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը, գրում է «Հայկական ժամանակը»։
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան և դիմել պլաստիկ վիրահատության համար:
Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- վստահեցրել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը: