Վիգեն Սարգսյանն առաջարկում է 2018թ. դադարեցնել զինծառայություն չանցած քաղաքացիների քրեական հետապնդման կասեցումը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծին, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս հնարավորությունը պետք է դադարեցնել հաջորդ տարվանից:
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ, այն լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգվելով ժամկետը, ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով, այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց պաշտպանության նախարարը:
Նա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց տալ հանձնարարական՝ աշխատել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, որպեսզի փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվի, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով խուսափել ծառայությունից: Ըստ Սարգսյանի՝ այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: «Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»,- ասաց նախարարը:
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝ և՛ շարքային անձնակազմի, և՛ պահեստազորի սպաների: Գլխավոր դատախազը գտնում է, որ այս երկու խումբ սուբյեկտների նկատմամբ հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ, բացի այդ պահեստազորի սպաների պարագայում այն կանխարգելիչ լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Եթե շարքային անձնակազմի դեպքում զորակոչից խուսափելու փաստով հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը հիմնականում վերաբերում են այն անձանց, ովքեր մինչև 18 տարին լրանալը ՀՀ-ում չեն գտնվել, ընտանեկան բերումով գտնվել են արտերկրում, օրենքի ուժով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և, ըստ էության, խուսափելու պարագայում հարուցվել են քրեական գործեր, ապա պահեստազորի սպաների դեպքում այս անձինք բավականին հասուն տարիքում գտնվել են ՀՀ-ում, ստացել ուսումնառություն:
Այսինքն՝ ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպայի, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից և այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը կարծում եմ համաչափ չէ: Բացի այդ, կանխարգելիչ առումով սա բերում է նրան, որպեսզի անձինք, պահեստազորի սպաների պարագայում, ուղղակի գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը, բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում և գումարներ վճարելով ազատվում քրեական պատասխանատվությունից»,- նկատեց Դավթյանը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ պահեստազորի սպաների մասով նախորդ ամիսներին կարգավորումներ ընդունվել են, բայց անպայման անհրաժեշտ է դատախազության հետ ևս մեկ անգամ ուսումնասիրվի հարցը, քանի որ, ըստ նախարարի, ինքը երբեք չի կարծել, որ այս օրենքը որևէ կերպ տարածվում է պահեստազորի սպաների վրա: «Խոսքը եղել է մինչև 27 տարեկան շարքային կազմի մասին: Եթե օրենքում կա սպայական անձնակազմի մասով կետ, ապա դա միանշանակ անընդունելի է և անպայման պետք է փոխվի մինչև Ազգային ժողովին այն ներկայացնելը: Բայց ինձ այդպիսի բան չեն զեկուցել»,- ասաց նախարարը:
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազն ավելացրեց, որ օրենքում, որում փոփոխություն է կատարվում, գրված է, թե ում վրա է տարածվում այն: Ըստ Դավթյանի՝ այնտեղ նշված է, որ դրա մեջ մտնում են և 27 տարեկանը լրացածները, և մինչև 35 տարեկան պահեստազորի սպաները: «Կարող ենք ավելի մանրամասն ուսումնասիրել»,- ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց երկօրյա ընթացքում ուսումնասիրել խնդիրը, որից հետո այն ուղարկել ԱԺ: Վերջին անգամ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում փոփոխությունը կատարվել է 2015 թվականի ապրիլի 30-ի օրենքով, որի համաձայն օրենքի գործողության ոլորտն ընդգրկել է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն էլ ներկայացրել է նախագիծը, ակնկալում է, որ ժամկետի երկարաձգումը կնպաստի հազարից ավելի անձանց հայրենադարձությանը, հնարավորություն կտա նրանց սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Սահմանված կարգով վճարները կմուտքագրվեն ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին: