«Հայաստանի իշխանություններն իսկապե՞ս հետաքրքրված են ԵՄ-ի հետ համագործակցության խորացմամբ»
Մեր զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը
– Պարոն Զաշտովտ, այս տարի մարտին Երևանում նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս նոր փաստաթղթի ստորագրման արարողությունը նախատեսվում է 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։ Ձեր կարծիքով՝ այդ համաձայնագիրն ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին։
– 2013 թվականից հետո Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում «ռազմավարական ընդմիջումից» հետո այս նոր փաստաթուղթը Երևանի համար հերթական հնարավորությունն է ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Ի՞նչն է ամենակարևորն այդ նոր համաձայնագրում։ Դա, գոնե մասնակիորեն եվրոպական չափանիշերը փոխառելով, ժողովրդավարության բաղադրիչները յուրացնելով, երկիրը հետզհետե բարեփոխելու հնարավորությունն է։
Այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ, նախկինում խոչընդոտեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական՝ տնտեսական բաղադրիչի (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում՝ DCFTA) հետ միասին, տարբերակի ընդունմանը։ Այժմ ԵՄ-ն Հայաստանին հնարավորություն է ընձեռել ընտրել և ընդունել DCFTA-ի միայն որոշ բաղադրիչներ։
Իհարկե, եթե դիտարկենք հարևան Վրաստանը, որն Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների շարքում ինչ-որ առումով առաջատար է եվրոպամետ բարեփոխումների ոլորտում, այնտեղ թեև գործում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, սակայն տնտեսությունում ոչ մի հեղափոխություն տեղի չի ունեցել։ Վրաստանի ցուցանիշները դեռևս այնքան էլ տպավորիչ չեն եթե դիտարկենք այդ երկրի և Եվրամիության անդամ պետությունների առևտրաշրջանառությունը։
Սակայն այդ նախագիծը ծրագրված է երկար տարիների համար։ Եվ եթե անգամ առայժմ արդյունքները տեսանելի չեն, բայց այն պետությունը, որը նախապես պատրաստվում է եվրոպական կամ համաշխարհային շուկայի հետ ինտեգրմանը, վաղ թե ուշ դրանից դրական արդյունքներ է ստանում։ Ձեր երկրի դեպքում, իհարկե, առկախված է մնում այն հարցը, թե Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս հետաքրքրված են ԵՄ-ի հետ համագործակցության խորացման նախաձեռնությամբ, թե՞ 2013թ. Երևանի վարկաբեկումից հետո Հայաստանի վարկանիշի բարելավման փորձ է սա։
– Հայաստանի պաշտոնյաները պնդում են, որ այս նոր փաստաթուղթը կրկնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերը, բացի տնտեսականից՝ հաշվի առնելով, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն նոր պայմանագիրը դեռևս չի հրապարակվել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է պայմանագիրը, անակնկալներ սպասվո՞ւմ են։
– Պայմանագիրը, ինչպես նշեցիք, դեռևս չի հրապարակվել, բայց մենք ավել կամ պակաս գիտենք, թե դրանում ինչ է լինելու։ DCFTA-ի որոշ բաղադրիչներ պետք է պահպանվեն, եթե անգամ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումն ինքնին բացակայի։ Սակայն ամենակարևորն այն է, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ կանեն այդ փաստաթղթի հետ։ Արդյոք Հայաստանի իշխանությունները կօգտագործե՞ն այդ հնարավորությունը բարեփոխումների համար, թե՞ այն ուղղակի կհամարեն իրենց դիվանագիտական հաջողությունը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի ներքին իրադրության հետ։
– Հայաստանը հուսով է ԵՄ-ի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, ինչպես ավելի վաղ որոշվել էր Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ Ռիգայում: Ըստ Ձեզ՝ ե՞րբ հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները, և ի՞նչ հանգամանքներում կարելի կլինի հասնել համաձայնության։
– Եվրամիությունը հստակորեն նշում է այն առանձնահատուկ պայմանները, որոնց բավարարելու դեպքում տվյալ երկիրը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Սակայն մյուս կողմից դա ևս «մրցանակ» է եվրոպամետ քաղաքականության, տվյալ երկրի կառավարության կողմից բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության հաստատման համար։
Կարծում եմ, որ Հայաստանը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, սակայն՝ ոչ մոտ ապագայում։ Երևանը պետք է ապացուցի, որ ընդունակ է արդիականացնել երկիրը, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հիմքեր ստեղծել, կառավարման համակարգի կառուցվածքը մոտեցնել Եվրամիության չափանիշերին։
– Եվրամիությունը նախատեսում է համաձայնագիր ստորագրել նաև Ադրբեջանի հետ: Ինչպիսի՞ն կլինի այդ փաստաթուղթը։
– Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա շատ կարևոր է, որ Բաքուն ընդունի առևտրի համակարգի միջազգային սկզբունքները, այդ թվում՝ անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել Եվրամիության հետ տնտեսական մերձեցման ուղղությամբ։
– Եթե, ի վերջո, թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը ստորագրեն Եվրամիության հետ համագործակցության պայմանագրերը, դա ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանում իրադրության վրա։
– Իհարկե, ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ՝ Ադրբեջանի, շատ կարևոր են նաև մյուս հարցերը՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը։ Եվրամիությունը, Երևանի կամ Բաքվի հետ ստորագրելով համագործակցության ցանկացած փաստաթուղթ՝ հույս է փայփայում տարածաշրջանում գեթ որոշ ազդեցության լծակներ պահպանել և կանխել հակամարտության էսկալացիան։ Իհարկե, ցավոք սրտի, այստեղ Բրյուսելն այնքան էլ շատ լծակներ չունի հակամարտող կողմերի վրա։