Լեյբորիստները կրճատում են պահպանողականների առավելությունը Մանչեսթրի ահաբեկչությունից հետո
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց: Այդ մասին վկայում են Times թերթի համար YouGov-ի անցկացրած հարցման
արդյունքները:
Հարցումը մայիսի 24-ին եւ 25-ին՝ Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից երկու օր անց, անցկացվել է երկու հազար մարդու շրջանում: Ըստ հարցման տվյալների՝ լեյբորիստները անցած շաբաթվա վերջից առաջադիմել են երեք տոկոսային կետով, ընտրություններում նրանց պատրաստ է աջակցել երկրի քաղաքացիների 38 տոկոսը:
Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, այդ ընթացքում կորցրեէ մեկ տոկոսային կետ, բայց պահպանել է առաջատարի դիրքը, նախապատվությունը նրան է տվել ընտրողների 43 տոկոսը:
Լիբերալ դեմոկրատները կարող են անկալել ընտրողների 10 տոկոսի աջակցությունը, UKIP-ի եվրոսկեպտիկները չորրորդ տեղում են ձայների 4 տոկոսով: «Մանչեսթր Արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է մայիսի լույս 23-ի գիշերը ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել է համերգասրահից դուրս՝ ճեմասրահում:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, 75 հոգի վերքեր է ստացել, նրանցից 23-ն օրհասական վիճակում են: Մի քանի մարդ անհայտ կորած է համարվում: Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել Է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: