«Կանանց ամբիցիաները սովորաբար սահմանափակվում են իրենց ունակությունների սահմանում, տղամարդկանցը ոչ միշտ է այդպիսին». Մանե Թանդիլյան
Դեռևս 1850-ականներին Նյու Յորքում հավատացած էին, որ կինը զգայուն և փափուկ էակ է՝ ամփոփված իր խոհանոցային տիրույթում, և ամենևին ստեղծված չէ արտաքին աշխարհի համար: Սակայն այդ նույն զգայուն էակները 1920-ականներին արդեն վաստակել էին իրենց ընտրական իրավունքն ու ակտիվ մասնակցություն էին ունենում մի շարք քաղաքական գործընթացներում:
Հայաստանում կնոջ դերը քաղաքականության մեջ նկատելիորեն մեծացավ վերջին տարիներին: Դրան էլ գումարվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծում կանանց և տղամարդկանց համամասնության 20/80 հարաբերակցության ամրագրումը, այսինքն՝ ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածությունը նվազագույնը պետք է լինի 20 տոկոս: Բայց, այնուամենայնիվ, հայ կնոջ համար դեպի քաղաքականություն տանող ճանապարհն այդքան էլ հարթ չէ:
Ի՞նչ դժվարություններ ու մարտահրավերներ կան կանանց համար Հայաստանում: Ինչպե՞ս բացել դաշտն ու ի՞նչ բանաձևով լուծել առկա խնդիրները: Կնոջ և քաղաքականության համերաշխության, ընտանիքի, առաջիկա ծրագրերի, նոր պատգամավորի տեսակի մասին զրուցեցինք «Ելք» դաշինքի կողմից առաջադրված, ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:
– Տիկին Թանդիլյան, Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ քաղաքականությամբ սկսել եք զբաղվել վերջին տարիներին: Ի՞նչը Ձեզ «Սինոփսիսի» գլխավոր հաշվապահությունից բերեց այս դաշտ: Ի՞նչն էր պատճառը:
– Պատճառ, նաև կարող եմ ասել՝ պատրվակ, հանդիսացել է պարտադիր կենսաթոշակային համակարգի՝ հայտնի «Դեմ եմ» շարժման մեջ ներգրավված լինելը: Իսկ պայքարի մեջ ներգրավումը սկսվեց նրանից, որ խնդիրն ըստ էության իմ մասնագիտական ոլորտից էր, և բազմաթիվ հարցեր էին առաջանում իմ գործընկերների մոտ, ովքեր ինձ էին դիմում այդ հարցերը պարզաբանելու համար: Եվ այդժամ ես հասկացա, որ շատ հաճախ լինում է այնպես, որ մարդիկ անտեղյակությունից և հստակ չպատկերացնելով՝ ինչ է կատարվում երկրում, քաղաքականության մեջ և օրենքների հետ, ուղղակի դառնում են դրա զոհը:
Անհրաժեշտ է, որ մարդիկ սկսեն հասկանալ և իրենց շրջապատող իրականությանը վերաբերվել այլ կերպ. նրանք պետք է մասնակցեն, չպետք է մնան անտարբեր: Եվ այն արդյունքը, որը տվեց «Դեմ եմ»-ը, իրականում փոքր էր: Այն կարող էր ունենալ ավելի լավ արդյունք: Իսկ ինչպե՞ս կարող էր ունենալ ավելի լավ արդյունք. պետք էր կանխել նմանատիպ չարիքները, ոչ թե սպասել, որ դրանք տեղի ունենան, և ապա նոր պայքարել հետևանքների դեմ:
Ըստ էության, այդ ամենի արմատները քաղաքականության մեջ են: Եվ օրենքն ինքը քաղաքականություն է: Այս ամենը ինձ մտորումների տեղիք էր տալիս, և ես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բազմաթիվ ընկերներ Հայաստանը լքում են անարդարության, անպատժելիության մթնոլորտի պատճառով, հասկացա՝ մարդիկ, ովքեր կարող են փոփոխել իրենց միջավայրը, պետք է մտնեն քաղաքականություն: Ես ինձ համարում եմ այդպիսին և գտնում եմ, որ ինձ նմանները պետք է սկսեն զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի: Փոփոխություն կրողը պետք է գա և սկսի ձեռնամուխ լինել փոփոխության: Դա է պատճառը, որ ես որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ:
– Որպես կին՝ ի՞նչ վախեր կամ անհանգստություններ եք ունեցել քաղաքականություն մուտք գործելիս:
– Առհասարակ, ես որևէ հարցին մոտենալիս չեմ մոտենում՝ որպես կին: Ես մոտենում եմ՝ որպես քաղաքացի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տիրող իրավիճակին և օրենքներին: Այո, որպես կին՝ շատ դժվար է, և բնական է, որ կան կարծատիպեր, որոնք պետք է հաղթահարել: Միևնույն ժամանակ՝ ես ամբողջ կյանքում եմ հաղթահարել բազմաթիվ կարծրատիպեր, որոնք առկա են մեր մշակույթում, կանանց և աղջիկների հանդեպ ընկալումներում: Այնպես որ, դա ինձ համար որևէ խնդիր չի առաջացնում (ժպտում է.- Մ.Ս.), բայց բնական է, որ դրանք կան, ուղղակի ինձ համար հաղթահարելն է հեշտ:
– Շատ կանայք ունեն իդեալներ՝ ուժեղ կանանց օրինակներ, ում հետևում են, ոգեշնչվում: Ձեզ համար կա՞ այդպիսի օրինակ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ: (Օրինակ`Գերտրուդա Բելլ, Մարգրետ Թետչեր, Անգելա Մերկել…):
– Ընդհանրապես ես իդեալներով չեմ առաջնորդվում: Կան քաղաքական գործիչներ, կանայք, որոնք հարգանքի են արժանի, որոնք ունեն իրենց առավելություններն ու թերությունները, և ես մարդկանց, քաղաքական գործիչներին ընդունում եմ իրենց թերություններով և առավելություններով: Ընդունելով դրանք՝ սկսում եմ ինձ համար որդեգրել այն ամենը, ինչն ինձ հոգեհարազատ է, և աշխատում եմ իմ կերպարի վրա: Եվ ես ուզում եմ, որ Հայաստանում լինեն քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաև կանայք, որոնք կկարողանան հարթել այն ճանապարհը, որը մինչև այսօր հասանելի չէ:
– Խոսեցինք ուժեղ կանանց մասին: Ո՞րն է Ձեզ համար ուժեղ կնոջ սահմանումը:
– Ես միշտ հիշում եմ հայրիկիս խոսքերը, որ անհնարին ոչինչ չկա, և, եթե մի մարդ դա կարողացել է անել՝ ուրեմն դա հնարավոր է:
Այլ բան է, թե որքանով ես դու ինքդ արդյունավետ, արդյոք ճի՞շտ ես որոշել ինչպես դա հաղթահարել, բայց որ դա հնարավոր է, միանշանա՛կ: Ըստ էության, դու պետք է գտնես ճանապարհը: Այսինքն՝ խնդիրը ես միշտ փորձում եմ նախևառաջ գտնել իմ մեջ, հետո վերլուծել և գտնել տարբեր ուղիներ, որովհետև լուծումները տարբեր են, պարզապես պետք է կարողանալ ճիշտ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել: Իսկ ճիշտ կողմնորոշվելու համար պետք է լսել, զննել, մտածել, որի արդյունքում կարող ես ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակում:
– Ասում են, որ ուժեղ կանանցից տղամարդիկ շատ հաճախ խուսափում են: Դուք ունեցե՞լ եք այդպիսի խնդիր:
– Ես չեմ հետևում՝ արդյոք տղամարդիկ ինձանից խուսափո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև ըստ էության դա իմ խնդիրը չէ: Ես զբաղվում եմ իմ խնդիրներով: Բայց կա նման կարծրատիպ, և կարծում եմ՝ դա բարդույթների հետ է կապված: Ես շփվում եմ ավելի շատ բարդույթ չունեցող մարդկանց հետ, քան թե բարդույթավորվածների: Այդ պատճառով էլ չեմ նկատում:
– Ձեր գործընկերները հիմնականում տղամարդիկ են: Ըստ Ձեզ՝ հեշտ է աշխատել կանա՞նց , թե՞ տղամարդկանց հետ:
– Ես երկու դեպքում էլ գերադասում եմ աշխատել խելացի մարդկանց հետ: Երբ որ մարդիկ խելացի են, հասկացող՝ ինձ շատ հեշտ է նրանց հետ աշխատելը: Երբ խնդիրներ են ծագում՝ որոշակի ըմբռնումների հետ կապված, ես սկսում եմ ունենալ խնդիր, որովհետև ակնկալում եմ, որ մարդը պետք է կարողանա դիմացինին լսել, հասկանալ:
Ինքս այդպիսին եմ և նույնն էլ ակնկալում եմ: Բայցև ընդունում եմ, որ ոչ բոլոր մարդիկ են այդպիսին: Այդժամ ես ուղղակի փորձում եմ համբերատար լուծել խնդիրները: Ինչ վերաբերում է աշխատանքի մեջ տղամարդկանց և կանանց առանձնահատկություններին, ապա՝ այո՛, տղամարդիկ փոքր-ինչ ավելի ամբիցիոզ են, և հաճախ՝ առանց հիմքի: Կանայք այդպիսին չեն. կանանց ամբիցիաները սովորաբար սահմանափակվում են իրենց ունակությունների սահմանում, տղամարդկանցը ոչ միշտ է այդպիսին: Եվ այդ պարագայում ես նրանց իջեցնում եմ մինչև իրենց ունակությունները և շփվում այդ մակարդակի վրա:
– Կարծիք կա, որ տղամարդու հաջողության հետևում կինն է կանգնած: Ձեր պարագայում, Ձեր հաջողության մեջ ի՞նչ դեր ունի Ձեր ամուսինը:
– Կանգնած է այնքանով, որքանով մենք փոխադարձ լուրջ ըմբռնում ունենք, որ ամեն մեկն ունի իր իրավունքներն ու նպատակները: Մենք երկուսս հարգում ենք մեկս մյուսին և փորձում սատարել յուրաքանչյուր նախաձեռնություն: Սա այն սատարումն է, որ պետք է ակնկալել զույգից, ընկերոջից, որի հետ ճանապարհ ես գնում: Իսկ կյանքը հենց կոչում եմ երկար ճանապարհ, որպեսզի կարողանաս համատեղ այդքան երկար քայլել, պետք է փոխըմբռնում և փոխադարձ հարգանք: Հարգանքի վրա հիմնված յուրաքանչյուր հարաբերություն, ի վերջո, բերում է դրական արդյունքի:
– Ինչո՞վ են նման ու տարբեր Մանե Թանդիլյան մարդը, կինը, մայրն ու պատգամավորը:
– Իրականում ես նույնն եմ և մի վատ հատկանիշ ունեմ այս առումով, որ իմ մտերիմները շատ հաճախ տուժում են նրանից, որ ես բոլորին վերաբերվում եմ նույնական: Այո, այն մարդիկ, որ ինձ հարազատ են, ավելի սրտացավ եմ, բայց դա առերևույթ չի երևում: Եվ ինձ ու իմ հարազատ մարդկանց մոտ միշտ հարց է առաջանում՝ իրե՞նց եմ ավելի լավ վերաբերվում, թե՞ բոլորին հավասար: Այդ առումով խնդիրներ եմ ունենում: Բայց իրականում ես շատ չեմ տարբերվում, և իմ սկզբունքները թե՛ քաղաքականության մեջ, թե՛ կյանքում, թե՛ իմ աշխատանքում՝ չեն տարբերվում: Ըստ էության, այն հիմքերը, որի վրա իմ գոյությունն է և իմ բնավորությունն է հենված, տանում եմ ինձ հետ բոլոր ոլորտներում:
– Քաղաքական, ընտրական աժիոտաժից չէի՞ն տուժում երեխաները:
– Տուժեցին, եթե անկեղծ ասեմ: Բավական քիչ էի հանդիպում իրենց, և առաջին դժգոհողները, բնականաբար, երեխաներս էին: Աստված երևի բարի է գտնվել իմ նկատմամբ, որ իմ երեխաներն ուղղակի հասկանում են այն գործի կարևորությունը, ինչով ես զբաղվում եմ: Հասկանում են այնքանով, որքանով ես իրենց բացատրում եմ, և հենց այդ առումով էլ իրենք սկսում են հասկանալով վերաբերվել: Բնական է, նրանք շատ են ունենում իմ կարիքը և իմ ներկայության կարիքը: Բայց միևնույն ժամանակ՝ մենք լավ ընկերներ ենք երեխաների հետ:
– Իսկ ինչո՞վ են զբաղվում երեխաները:
– Նրանք դպրոցական են: Նրանք իրենց յուրաքանչյուր խնդրով կարողանում են ինձ հետ խոսել: Դա այն արժեքավոր հարաբերությունն է, որ ես պահում եմ իրենց հետ: Դա կոմպենսացնում է իմ բացակայությունը: Նրանք գիտեն, որ ես ամեն հարցում իրենց կողքին կանգնած եմ: Մենք կարող ենք քննարկել յուրաքանչյուր հարց, և ես օգնում եմ ու պատսրաստ եմ իրենց օգնել յուրաքանչյուր հարցում: Նրանք դա գիտեն և նաև գիտեն, որ ես իրենցից ակնկալում եմ ինքնուրույնություն:
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կնոջ դերն ու նշանակությունը շատ նեղացված, քչացված ու մասնագիտացված են Հայաստանում: Դուք՝ որպես կին քաղաքական գործիչ, պատգամավոր, ի՞նչ եք անելու այդ դերը մեծացնելու համար:
– Այո, Ազգային ժողով մուտք գործելու իմ քայլով ես ընդլայնել եմ այն շրջանակը, որտեղ պետք է գործեն կանայք: Հենց իմ ընտրվելն ընտրատարածքից դրա վառ ապացույցն է: Բոլորը գիտեին, որ ես կանցնեմ, որովհետև չորրորդ համարն էի, եթե «Ելքն» անցներ, ուրեմն ես էլ կանցնեի: Իսկ ինձ համար սկզբունքային էր՝ լինել ընտրված, սկզբունքային էր՝ ստանալ այդ ձայնը մարդկանցից և պատասխանատվություն կրել նրանց ձայնի համար ամեն օր: Ես փորձում էի ցույց տալ, որ կանայք պատահական չեն մտնում Ազգային ժողով: Նրանք վաստակում են իրենց վստահության քվեն, նրանք պաշտպանում են այն և բազմապատկում:
Այդ առաքելությունը ես ունեմ այսօր ինձ վրա և ուզում եմ այն կրել արժանապատվությամբ: Ուզում եմ կանանց ցույց տալ, որ, եթե դուք աշխատում եք այնպես, ինչպես անհրաժեշտ է, դուք ստանում եք արդյունք, որովհետև ես ստացել եմ… Իսկ եթե մի հոգի կարող է դա անել, ուրեմն կարող են անել բոլորը:
– Ինչպե՞ս աշխատել հասարակության պատրաստվածության վրա և կանանց բնականորեն ներգրավել քաղաքականության մեջ:
– Կանայք ունեն թերարժեքության զգացում և մտայնություն, որ քաղաքականությունն իրենց համար նախատեսված չէ, իրենց աշխարհը չէ, իրենց զբաղվելիքը չէ: Նրանք անտարբեր են վերաբերվում քաղաքականությանը: Հիմա մենք պետք է աշխատենք կանանց հետ ու ասենք, որ դա ամենևին էլ այդպես չէ: Դուք ոչ միայն կարող եք սատարել, այլ դուք կարող եք որոշում կայացնել, և ձեր որոշումը կլինի ավելի արժեքավոր կամ գուցե հավասար արժեքի՝ այն առումով, որ դուք բնական տարբերություններ ունեք:
Իսկ մեր բնությունը պահպանել է դա, որ լինի բալանս, հավասարակշռում կանանց և տղամարդկանց միջև: Կանայք պետք է զգան իրենց կարևորությունը: Հասկանան այդ կարևորության ռազմավարական նշանակությունը, որովհետև այդպիսին է բնությանը պահանջը: Այդ հավասարակշռումը պետք է բերել թե՛ Ազգային ժողով, թե՛ գործադիր իշխանություն, թե՛ առհասարակ յուրաքանչյուր ոլորտ:
Երկու սեռերի ներկայությունն ու մասնակցությունն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ունենանք զարգացում, հավասարակշռում և փոխզսպում: Կանանց ներկայությունն Ազգային ժողովում կարող է զսպել բազմաթիվ արատավոր երևույթներ: Հաշվի առնելով նաև տարբերությունները, իմ կարծիքով, կանայք ավելի հեռատես են իրենց դիտարկումներով, ավելի հանդուրժող են, քան տղամարդիկ, իսկ այսօր մեզ պետք են հեռատես, հանդուրժող քաղաքական գործիչներ և գործունեություն:
– Մենք ուսումնասիրեցինք «Ելք» դաշինքի նախաընտրական ծրագիրն ու կանանց վերաբերող ոչ մի կետ չգտանք: «Ելքը» Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված ոչ մի խնդիր չի՞ տեսնում:
– Ճիշտ եք, ես կարծում եմ, որ կանանց իրավունքների հաստատված չլինելն ու ոտնահարված լինելը հետևանք է այն խնդիրների, որին անդրադառնալու է «Ելքը»: Եվ ներքին մշակույթի հարց կա, և բռնության խնդիր կա, խնդիրները բազմաթիվ են, որոնք ըստ էության հետևանք են: Նաև այն, որ հավասարություն չկա մեր երկրում հենց այս մշակույթի առումով:
Սա այն խնդիրն է, որի դեմ պետք է պայքարել: Եթե մենք պայքարենք ընդհանուր հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների, սովորական քաղաքացիների իրավունքների համար, եթե այդ ամենը մենք կարողանանք հաղթահարել, հետևանքը կլինի այն, որ կանանց իրավունքները ևս կպաշտպանվեն:
Եվ ես առհասարակ ուզում եմ ընդգծել այն գաղափարը, որ կանայք ոչ թե առանձին շերտ են, այլ իրենք հավասար մասնակից են յուրաքանչյուր գործընթացին: Իհարկե, առանձին վերցրած խնդիրներ լինելու են և կան, որոնցով ես պարտավոր եմ զբաղվել, պատրաստ եմ և գիտեմ, որ կարող եմ զբաղվել: Ինձ համար ամենակարևորն այն է՝ հանդիպելու եմ բազմաթիվ կանանց, նախաձեռնության առաջնորդների հետ, և նաև իմ անձնական նախաձեռնություններով հանդես կգամ, որպեսզի նրանց ներգրավվածությունը մեծանա:
Սա այն է, ինչ ես տեսնում եմ՝ որպես անելիք: Կանանց ներգրավվածությունը յուրաքանչյուր ոլորտում պետք է մեծանա, որի արդյունքում մենք կունենանք ավելի հանդուրժող, ժպտացող, ուժեղ հասարակություն:
– Շնորհակալություն տիկին Թանդիլյան, մենք ուզում էինք բացահայտել Ձեր հենց այս կողմը, որը մինչ այդ ամբողջապես բացահայտված չէր:
– Ընդհանրապես իմ մտերիմները գիտեն՝ ես շատ հանրային մարդ չեմ իմ տեսակով:
– Բայց Դուք ուզում եք լինել բոլորին հասանելի պատգամավոր…
– Այո, դա շատ կարևոր է: Այդ պատճառով էլ հանրայնացումը, ըստ էության, անհրաժեշտություն է այս պարագայում: Եվ պատրաստվում եմ կրել այդ զոհաբերությունը (ժպտում է.-Մ.Ս.): Մարդիկ պիտի իմանան, ճանաչեն, շփվեն քեզ հետ, խնդիրները քո միջոցով բարձրաձայնելու հնարավորություն ունենան և ստանան պատգամավորի նոր տեսակ:
Մարիամ Սարգսյան