Հայտնի է դարձել Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին Լեյբորիստական կուսակցությունում պառակտման մասին
Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում: Այս մասին հաղորդել է The Daily Telegraph-ը: Հրատարակության տվյալներով՝ գրեթե 100 պատգամավորներ մտադիր են դուրս գալ կուսակցությունից եւ Համայնքների պալատում ստեղծել Progressives-ի (առաջադիմականների) խմբակցություն, եթե ընտրություններում թորիների հաղթանակից հետո լեյբորիստների առաջնորդ մնա Ջերեմի Քորբին։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք կատարել է ICM սոցիոլոգիական ծառայությունը, Պահպանողական կուսակցությունն առաջատար է՝ վերջին 34 տարում ամենամեծ տարբերությամբ: Նրան պաշտպանում է ընտրողների 49 տոկոսը, մինչդեռ լեյբորիստների օգտին պատրաստ է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 27 տոկոսը, նշել է ՏԱՍՍ-ը:
Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Պլանավորվում է, որ դրանք խորհրդարանում կամրապնդեն պահպանողականների դիրքերը Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ակտիվ փուլի նախաշեմին: