Կյանքի հույս

Սկսվել է Ավագ շաբաթը, եւ 1700-ամյա քրիստոնյա մեր ժողովրդի համար Հիսուս Քրիստոսի Հարությունը պետք է լիներ սկսվող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը։ Որովհետեւ Քրիստոսը չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ, որ մարդն ապրի։ Եվ Քրիստոսի հարությունը կյանքի հույս դարձավ։

Բայց մեր 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդը, որ վերջին տարիներին միայն սկսել է առողջապահական նպատակներով պաս պահել, հարության նախօրեին ամենեւին խանդավառված ու լեցուն չէ ներքին ուրախությամբ։ Մարդկանց դեմքերը հոգնած են, աչքերը՝ մռայլ, մտքերը՝ ցրիվ կամ սեւեռված։ Եվ այս խորապատկերում ամենեւին պատահական չէ, որ փողոցում արված հեռուստատեսային հարցման մասնակիցների համար Ավագ շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի այցն է Հայաստանի Հանրապետություն։

Ի՞նչ կտա մեր հզոր դաշնակից երկրի նախագահի այցը, բացի փողոցների խցանումներից եւ մեր հանգիստ առօրյան խաթարող անվտանգության անհամար միջոցառումներից, ոչ ոք չգիտի։ Պարզ է միայն, որ հեռուստատեսությամբ ու թերթերում կհնչեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության արդեն ձանձրալի կրկներգեր եւ ռազմավարական դաշնակցության մասին ամպագոռգոռ հավաստիացումներ։

Վլադիմիր Վլադիմիրովիչը բնականաբար իրեն թույլ չի տա մեր անկախ հանրապետությունը ֆորպոստ անվանել, այլ` հակառակը, կլինեն պաշտոնական հաղորդագրություններ «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով ռուսների սեփականաշնորհած ձեռնարկություններում կատարվելիք աննախադեպ ու փայլուն ներդրումների մասին, որոնք, բնականաբար, ոչ մոտ եւ ոչ էլ հեռավոր ապագայում իրականություն չեն դառնա։ Այս հոռետեսության պատճառը մեկն է՝ այն խորին համոզմունքը, որ «Գույք` պարտքի դիմաց» գործարքն իր բնույթով ոչ թե տնտեսական էր, այլ զուտ քաղաքական։

Ոմանք կարծում են, թե Ռուսաստանի նախագահը Հայաստան է գալիս իշխանության իրավահաջորդի հարցը լուծելու, սակայն այս տեսակետն անքան էլ հիմնավոր չէ, քանի որ հայ-ռուսական ներկա հարաբերությունները թույլ են տալիս նման հարցերը լուծել հեռախոսով։ Այսինքն՝ եթե ներկա իշխանությունը ձեռնտու չլիներ Ռուսաստանին, մեր դաշնակիցն այստեղ կուղարկեր «ճիշտ» մարդուն կամ մատը կդներ եղածներից ամենահավատարիմի վրա, եւ արտահերթ ընտրությունները տեղի կունենային՝ համենայնդեպս ԵԱՀԿ դիտորդների համար ոչ այնքան ընդունելի ստանդարտներով։

Իմ կարծիքով, Ռուսաստանում որեւէ ողջամիտ մարդ պետք է մտածի, որ Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտել չարժե։ Հայաստանի քաղաքական դաշտը բաժանված է երեք մասի՝ ռուսամետների, կայսերամետների եւ բելառուսամետների։ Չհաշված՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական թատերաբեմում հայտնվող գործիչները, որոնք ձեւացնում են, թե ռուսական «դաբրոն» ունեն` որպես լուսապսակ։

Ոմանք էլ հակառակ կարծիքն ունեն։ Ասում են, որ «թեժ գարնան» նախօրեին Ռուսաստանի նախագահը Հայաստան է գալիս Քոչարյանի իշխանությունն ամրապնդելու համար։ Բայց մի՞թե Քոչարյանի իշխանությունը կարիք ունի ամրապնդման։ Թեժ գարնան հրապարակներում ու հարթակներում լինելու են դարձյալ ռուսամետ ուժեր, նրանց հետեւից չեն երեւալու Ջորջ Սորոսի ականջները, իսկ ամերիկյան դեսպանատունը վարդեր չի բաժանելու թամաշայի եկած մեկուկես հազար ժողովրդին։

Որոշ մարդիկ էլ կարծում են, թե Պուտինի այցը, որը, եթե չեմ սխալվում, մինչեւ վերջերս նախատեսված չէր, կապված է Վրաստանի խորհրդարանի հայտնի որոշման հետ, որով մեր հարեւանները պահանջում են հնարավորին չափ արագ Վրաստանի տարածքից դուրս բերել ռուսական ռազմական բազաները։ Այսպես մտածողները պնդում են, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը Հայաստան է գալիս դուրս բերվելիք բազաների տեղավորման հարցը լուծելու։ Սա էլ խելքին մոտ չէ, որովհետեւ, նախ՝ Ռուսաստանն ասել է, որ Վրաստանից բազաները դուրս բերելու դեպքում տանելու է Կարաչաեւո-Չերկեսիա, հետո այս հարցի համար էլ դժվար թե նախագահը գար-հասներ Հայաստան։ Մի քանի գեներալ կուղարկեր, մի քանի գնդապետ, կգային հարցը կլուծեին։ Այլ բան է բազաների դուրսբերման հարցում դիմադրությունն ուժեղացնելը, բայց սա էլ նախագահի մակարդակի հարց չէ։ Փառք Աստծո, Հայաստանում հայրենասիրական ուժերի պակաս չի զգացվում, եւ Խթը-ի նախկին աշխատակցի համար դժվար չէ կռահել, թե ինչպես ուղղորդել այդ ուժերը։

Լավատեսների կարծիքով, Պուտինն անհանգստացած է, որ Հայաստանի եւ Ռուսատանի ապրանքաշրջանառությունը զգալիորեն զիջում է Ադրբեջան-Ռուսաստան ապրանքաշրջանառությանը, եւ նա գալիս է հասկանալու, թե ինչո՞ւ է այդպես, թե ինչո՞ւ է դաշնակից երկիրը զիջում անհասկանալի կողմնորոշում ունեցող իր հարեւանին։ Լավատեսները միշտ էլ միամիտ են եղել, եւ կարիք չկա այս տեսակետը քննարկելու։

Հիմա կհարցնեք, թե որտեղի՞ց եմ հավաքել հոռետեսների, իրատեսների ու լավատեսների այս կարծիքները։ Փողոցից՝ կպատասխանեմ ես։ Մարդկանցից, հարեւաններից, ուղեւորներից, խանութների կամ սրճարանների հաճախորդներից, ովքեր այս օրերին միայն դրանից են խոսում։ Խոսում են` իրենք էլ չիմանալով, թե ինչու են խոսում, կամ չիմանալով, թե ինչու չեն խոսում, երբ Հայաստան է գալիս, ասենք, Լեհաստանի կամ Էստոնիայի նախագահը։ Այդ ժամանակ ոչ ոք չի մտածում՝ տեսնես ինչո՞ւ եկավ, ի՞նչ է լինելու դրանից հետո։

Երբ 1996-ին մեկնեցի Լիբանան, առաջին բանը, որ զարմացրեց ինձ, Սիրիայի նախագահի լուսանկարն էր՝ Բեյրութի օդանավակայանի սպասասրահի պատին։ Զարմացա, որովհետեւ ես եկել էի ոչ թե Սիրիա, այլ Լիբանան, իսկ պատից կախված էր ոչ թե Լիբանանի, այլ Սիրիայի նախագահի նկարը։

Եվ հիմա միայն ու միայն սա է ինձ մխիթարում, որ մեր օդանավակայանում թեեւ առաջինը ռուս զինվորներ են պատահում, բայց կախված չէ Սիրիայի, ներեցեք, Ռուսաստանի նախագահի դիմանկարը։ Եվ այս մխիթարությամբ եմ ես ընդառաջ գնում այս շաբաթվա ամենակարեւոր իրադարձությանը՝ Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը, որը կյանքի հույս է ամեն մարդու համար, բայց, ցավոք, կյանքի հույս չի դարձել ամեն հասարակության եւ ամեն ազգի համար։

«168 Ժամ» թերթ
12.05.2005թ.

Տեսանյութեր

Լրահոս