«Ժողովուրդը «ոչ» է ասել հանրաքվեին». Օսման Բայդեմիր

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը կասակածելի է։

Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բայդեմիրը նշել է, որ ժողովուրդը ոչ է ասել հանրաքվեին։ Բայդեմիրը քննադատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)՝ նշելով, որ այն վերածվել է մի կուսակցության կցորդի։ Քուրդ քաղաքական գործիչը բարձրաձայնել է մի շարք ընտրախախտումների մասին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ձայների հաշվարկման ժամանակ շատ տեղամասերից դուրս են հանել ԺԴԿ-ի դիտորդներին։

Բայդեմիրն, անդրադառնալով քրդաբնակ նահանգներում գրանցված արդյունքներին՝ նշել է, որ քրդերը, հակառակ ռազմական դրությանը, սպառնալիքներին, ձերբակալություններին ու կալանավորումներին, մասնակցել են հանրաքվեին և դեմ են քվեարկել։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այդ տարածաշրջանի 11 նահանգներում «Ոչ»-ի ձայները մոտ 62 տոկոս են կազմել։

«Քրդերը այսպիսով ոչ են ասել բանակցային գործընթացի տապալմանը, այլադավանների և այլ ինքնություն ունեցողների՝ սահմանադրության մեջ տեղ չունենալուն, քրդերի դեմ թշնամանքի քաղաքականությանը»։

Բայդեմիրը նշել է, որ հանրաքվեի արդյունքում ստացված պատկերը հույս է ներշնչում իրենց, քանի որ հասարակությունն իր քվեարկությամբ հստակորեն ցույց տվեց, որ կարոտում է խաղաղ ժամանակշրջանը, որ կար 2013-2015 թվականներին։

Տեսանյութեր

Լրահոս