Սոցիալապես անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը բարձրացվում է
Կառավարութան ապրիլի 13-ի նիստում ընդունած որոշմամբ սահմանվեց «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները:
ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել էր, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Սակայն, այս որոշմամբ չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմանված մեղմ սակագնով հաշվարկված գումարը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում: «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»,- ասաց վարչապետը: