«Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի հետքերով. Ermenihaber.am

Նախօրեին (05.04.2017) newsbook.am լրատվական կայքում hրապարակվել էր «Թուրքական լոլիկների վրա Ղարաբաղ է մակնշված» վերտառությամբ հոդված, որտեղ պատմվում էր հետևյալի մասին.

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի շուկայում հանդիպել են թուրքական լոլիկներով բեռնված արկղեր, որոնք մակնշված են եղել ռուսերեն գրությամբ«Карабах»:

Այս տեղեկությունից հետո Ermenihaber.am-ը փորձել է պարզել հայկական շուկայում հայտնված լոլիկի իրական ծագումն ու հատկապես «Карабах» մակնշման դրդապատճառները:

Լուսանկարում երևացող լոլիկի արկղերի վրա նշված հեռահոսահամարով Ermenihaber.am-ը կապ հաստատեց Թուրքիայի Անթալիա քաղաքում գրանցված «Şahtu Tarım Ürünleri» (Շահթու գյուղմթերքներ) ընկերության տնօրինության հետ:

Արդյունքում պարզվեց, որ այդ ընկերությունը գործում է ընտանեկան բիզնեսի շրջանակներում: Կայքի հետ զրույցում տիկին Սևդա ներկայացած կինը տեղեկացրեց, որ իր ամուսնու հետ միասին հանդիսանում է վերոնշյալ ընկերության սեփականատերը: Ամուսինը թուրք է, իսկ կինը՝ ադրբեջանցի: Սևդան մեզ հայտնեց, որ իր ընտանիքին պատկանող կազմակերպությունը  թուրքական գյուղմթերք է արտահանում տարբեր երկրներ (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլ երկրներ):

Մեր այն հարցին, թե ինչու է լոլիկի մակնշումը ռուսերեն գրությամբ «Карабах», տիկին Սևդան պարզաբանեց, որ «Ղարաբաղ» անվանումը իրենց ընկերության ապրանքանիշն է: Իսկ ռուսալեզու մակնշումը պայմանավորված է նրանով, որ տվյալ խմբաքանակը ուղարկվում է նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներ, որտեղ տիրապետում են ռուսերենին:

Սեփականատերերը նաև նշեցին, որ իրենց գյուղմթերքը դեռ չեն արտահանել Հայաստան, բայց փոխշահավետ հետաքրքրության դեպքում պատրաստ են հայկական շուկայի հետ ևս աշխատել՝ որպես միջնորդ տարբերակ առաջարկելով Վրաստանի տարածքը:

Ի պատասխան մեր այն պայմանական դիտարկմանը, թե «Карабах» ապրանքանիշով թուրքական լոլիկը հայկական շուկայում բարեհաճ ընդունելության չի արժանանա և վաճառքի տեսանկյունից կարող է խնդիրներ հարուցել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստան ուղարկվելիք խմբաքանակը կարող են այլ մակնշումով ուղարկել:

Սա այն ամենն էր, ինչ հեռախոսակապի միջոցով հնարավոր եղավ պարզել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում հայտնված թուրքական լոլիկների ծագման մասին: Քանի որ սեփականատերերը նշեցին, որ դեռ չեն աշխատել հայկական շուկայի՝ մասնավորապես հայ ներկրողների հետ, ենթադրվում է, որ «Карабах» լոլիկների հայտնվելը մեր շուկայում մասնավոր դեպք է և մեծածավալ գործարքի բնույթ չի կրում:

Համենայնդեպս, թեկուզև նման կարգի մասնավոր դեպքը կանխելու համար կարևոր անհրաժեշտություն է մնում պատկան մարմինների զգոնությունն ու աչալրջությունը: ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին արվել է համապատասխան հարցումը և հավանաբար առաջիկայում կլինի պաշտոնական պարզաբանումը:

Տեսանյութեր

Լրահոս