Մահացել է գրող Եվգենի Եվտուշենկոն
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, նա մահացել է ապրիլի 1-ի երեկոյան 84 տարեկանում:
Իր ցանկության համաձայն նրան կթաղեն մերձմոսկովյան Պերեդելկինոյում: Մարտի 31-ին բանաստեղծին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Կինը` Մարիա Նովիկովան, չի ցանկացել մանրամասներ ներկայացնել:
Եվգենի Եվտուշենկոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Նա եղել է խորհրդային և ռուս նծանավոր պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։
Սերտ բարեկամական կապերի մեջ էր հայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գ. Էմինի բանաստեղծությունները։
1974 թվականին Երևանում Գ. Էմինի և Գ. Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։ 1952 թվականին նա դարձել է ԽՍՀՄ գրողների միության ամենաերիտասարդ անդամը: