«Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է՝ Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը համալիր է, հավակնոտ, պատասխանում է բոլոր մակրո հարցերին, որոնք ծառացած են մեր երկրի, հասարակության առջև: Կարապետյանի խոսքով, ծրագիրն իրատեսական է և այն ներկայացնելիս որևէ մեկի աչքը, ականջը շոյելու խնդիր չեն դրել: «Շատ հավանական ենք համարել, որ այս ընտրություններին կարող ենք ստանալ ձեր վստահության քվեն ու կգա պահը, որ ձեր առջև պետք է պատասխան տանք: Այսօր կան բազմաթիվ ուժեր, ովքեր կարող են հայտարարել որոշակի հորիզոններ՝ իմանալով, որ չեն գալու իշխանության, պատասխանատվության ու հետագայում ասելու են, թե ձայներ չտվեցիք՝ չենք կարողացել իրականացնել: Իրատեսական լինելով մեկտեղ, մեր ծրագիրը ֆունդամենտալ բարեփոխումների ծրագիր է, որովհետև ախտորոշում անելով, հասկացել ենք, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս: Այն լրացնելու համար էլ իրականացնելու ենք բարեփոխումներ»,­- Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, ՀՀԿ­ն ընտրություններին ներկայացել է լայն թիմով, համարձակություն ունեցել հստակ ասել իր ուժեղ ու թույլ կողմերը: «Ես որևէ այլ քաղաքական ուժի չեմ հիշում, որ այդպես ասել է: Դա կարող է դառնալ մեր առավելությունը, որովհետև մեր բացթողումները կամ սխալները եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ունենք մեծ փորձ, որով անցել ենք և հերթական անգամ նույն թակարդն ընկնելու հավանականությունն ավելի քիչ է»,-­ նկատեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը՝ հավելելով, որ ՀՀԿ­-ն, լինելով բազմաշերտ, ներկայացնում է հանրության բոլոր շերտերը. քաղաքացիներից յուրաքանչյուրն իր տեսակին կարող է այս թիմում տեսնել:

«Մենք ունենք կամք՝ մեր ծրագիրն իրականացնելու, նպատակասլացություն, նաև անհրաժեշտության դեպքում, կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին: Ուսումնասիրելով վերջին 20­-30 տարիների ընթացքում տարբեր երկրներում իրականացված արագ բարեփոխումները, վստահ եմ, որ ունենք նշածս հայտանիշերը՝ մեր ծրագրերը հավակնոտ են, համարձակ, պրագմատիկ, իրատեսական: Այդ առումով, կարծում ենք, որ մեր ծրագիրը, ազդակները բավականին իրական են, մրցակցային, որպեսզի արժանան ձեր վստահությանը»,­- նշեց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս