Դատավոր Իշխան Բարսեղյանի գործը կքննի նորանշանակ դատավորը
Դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։ Քրեական գործը նրան մակագրվել է մարտի 24-ին։
Այս քրեական գործը քննում էր դատավոր Կարեն Մարդանյանը, սակայն փետրվարի 28-ի հրամանագրով՝ նա նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Նշենք, որ Վաչե Մարգարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր է նշանակվել մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Նույն քրեական գործի շրջանակներում Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն: