«Հանրապետականի ակտիվին տվել են մեկ հանձնարարական՝ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը հանել դուրս»

Մեր զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքին թույլ չի տալու տեր կանգնել իր քվեներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  որոշակի լիմիտից հետո դաշինքի քվեները տրցակով դրվելու են ՀՀԿ-ի բաժնի վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Գիտեք, ես հասկանում եմ, որ ցնդաբանությունը, տխմարությունն ինչ-որ սահման պետք է ունենան։ Ես հասկանում եմ, որ բնության մեջ նորմալ մարդկանց կողքին՝ կան նաև «идиот»-ներ, բայց անգամ բնությունից տրված «идиотизм»-ը չի կարելի չարաշահել։ Ես նորից եմ կրկնում՝ «Ծառուկյան» դաշինքը վերցնելու է մեծամասնություն, մենք տեր ենք կանգնելու մեր ամեն քվեին։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս անգամ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում լինելու է փոքրամասնություն։

– Բայց նախկինում էլ Հանրապետականն այդ փորձն ուներ՝ տրցակներով իր քվեները լրացնելու։ Այս անգամ ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը կզրոյացնի՞ դրա հնարավորությունը։

Կարդացեք նաև

– Նոր Ընտրական օրենսգրքով վերահսկողական լրջագույն մեխանիզմներ են սահմանված։ Այս ընտրություններում միջազգային դիտորդների թիվն աննախադեպ մեծ է, մոտ 650 միայն միջազգային դիտորդներ են լինելու, ես չեմ խոսում նաև տեղական դիտորդների մասին։ Եվ միջազգային դիտորդները մանրամասն տեղեկացված են բոլոր այն հնարավոր ընտրակեղծարարության մեխանիզմների մասին, որ Հանրապետականի տարբեր ռեյտինգային թեկնածուներ փորձելու են գործի դնել։ Դրանից հիմնականը հետևյալն է՝ գումարի մի մասը տալիս են նախապես, իսկ երկրորդ մասը՝ քվեախցիկից «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը դուրս հանելու դեպքում։ Ուզում եմ տեղեկացնել, որ հատ-հատ բոլոր միջազգային դիտորդական կազմակերպություններին մենք, ես անձամբ ներկայացրել եմ այն հիմնական ընտրակեղծիքը, որը պատրաստվում են անել Հանրապետականի ռեյտինգային թեկնածուները։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնում, Երևանում, հատկապես՝ Կենտրոնում, Ավանում, բոլորը հստակ տեղեկացված են։

Նաև ուզում եմ իրենց բոլորին հիշեցնել Եվրամիության դեսպան Սվիտալսկու հայտարարությունը։ Քանի որ նա ևս տեղյակ է, որ հիմնական ընտրակեղծարարությունը լինելու է քվեաթերթիկ դուրս հանելը, պարոն Սվիտալսկին հստակ հայտարարություն արեց Նկարիչների միությունում Հռոմի համաձայնագրի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որ դիտորդները հաշվելու են տեղամասում մասնակցած ընտրողների թիվը, համեմատելու են քվեատուփում առկա քվեարկած ծրարների հետ և համեմատելու են քվեախցում մնացած չքվեարկած քվեաթերթիկների հետ, և, եթե լինեն լրջագույն անհամապատասխանություններ, դրանք լրջագույն խնդիրներ են առաջացնելու։

Որովհետև, կրկնում եմ՝ իշխանության միակ մրցակիցը «Ծառուկյան» դաշինքն է, և Հանրապետական գրեթե բոլոր ռեյտինգային թեկնածուներն իրենց ակտիվին տվել են մեկ հանձնարարական՝ ում գումար եք տալու՝ ասեք՝  «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը հանի դուրս։ Կրկնում եմ՝ լրջագույն հետևանքներ է ունենալու այդ ընտրակեղծարարությունը, որովհետև Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ քվեաթերթիկ դուրս հանել չի կարելի, և մենք ամեն ինչ անելու ենք, որ տվյալ տեղամասում ընտրությունը հայտարարվի անվավեր, եթե Հանրապետական տարբեր ռեյտինգային թեկնածուներ այդ ընտրակեղծարարությունը դնեն գործի մեջ։ Իսկ որ դնելու են, դա անկասկած է։ Եվ, որ տվյալ տեղամասերում մենք միջազգային մեր դիտորդ գործընկերների հետ հասնելու ենք նրան, որ ընտրությունները համարվեն անվավեր, դա ևս անկասկած է։

– «Ծառուկյան» դաշինքը լա՞վ է հաշվարկել ռեյտինգայինի գործոնը, որովհետև տեսակետ կա, որ Հանրապետականը հենց ռեյտինգայինով է հաղթելու։

– Ուրեմն միայն այն, որ այդ ռեյտինգային թեկնածուները ներկայացված են Հանրապետական կուսակցությունից, դա իրենց ռեյտինգին, եթե, իհարկե, ոմանք ինչ-որ անձնական ռեյտինգ ունեն, ամենամեծ հարվածն է։ Այնպես որ, մենք ամեն ինչ շատ լավ հաշվարկել ենք։

– Տիկին Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ նաև «Ծառուկյան» դաշինքն է ցուցակագրում՝ ընտրակաշառք բաժանելու խոստումներով։

– Ես խնդրում եմ՝ այդ տեղեկությունները լինեն փաստացի։ Երբ որ դուք փաստերով կներկայացնեք՝ մենք փաստերով ձեզ կպատասխանենք։ Կրկնում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը ո՛չ ցուցակագրելու, ո՛չ որևէ այլնի խնդիր չունի։ Դրա համար բավական է նայել միայն հանրային վստահությունը, գնալ և մի անգամ մասնակցել Ծառուկյանի հանրահավաքներին, մարդիկ, որոնք գալիս են ինքնաբուխ, գալիս են հավատով և վստահությամբ, ոչ թե իշխանական քարոզիչների հավաքին, որտեղ մարդիկ ուղղակիորեն բերման են ենթարկվում, հետո դուրս են գալիս և իրենց ընտանիքներում ասում են՝ այս ամենը մի օր վերջ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս