Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում, եթե ձախողվեն տարածաշրջանային կառավարության ձեւավորման բանակցությունները: Այդ մասին բրիտանական խորհրդարանում հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջեյմս Բրոքենշիրը:
«Ինքնավարության կառավարության բացակայության դեպքում Միացյալ Թագավորությունն ի վերջո կապահովի քաղաքական կայունությունն ու հուսալի կառավարումը: Մենք չենք ցանկանում վերադառնալ ուղղակի կառավարման: Բայց եթե
բանակցությունները ձախողվեն, կառավարությունն ստիպված կլինի քննարկել բոլոր տարբերակները»,-ասել է նա:
Հյուսիսային Իռլանդիայի կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ բանակցությունները խափանվել են Sinn Fռin հանրապետական կուսակցության որոշման կապակցությամբ, որը չի ցանկացել իր ներկայացուցչին առաջադրել առաջին նախարարի տեղակալի պաշտոնում:
Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեայի (խորհրդարանի) վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: Դրանց արդյունքում Sinn Fռin-ը կարողացավ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանում իր ներկայացուցչությունն ավելացնել մինչեւ 27 տեղ, սակայն նրան չբավականացրեց մեկ պատգամավորական մանդատ, որպեսզի հավասարվի իր գլխավոր մրցակցին՝ խորհրդարանական մեծմասնության աջակցության վրա հենվող Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությանը:
Բրիտանական գործող օրենսդրության համաձայն, եթե կողմերը համաձայնության չգան եւ կառավարություն չկազմեն, ապա Լոնդոնի իշխանությունները պարտավոր են նոր վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարել տարածաշրջանում: Եթե դրանից հետո էլ չհաջողվի հասնել կոնսենսուսի, այդժամ տարածաշրջանի կառավարությունը կստանձնի բրիտանական կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: