«Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը». Նալբանդյան
Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որ Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և կառույցների, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը կարևոր լիցք են հաղորդել բարձրաստիճան փոխայցերը»,- նշեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանն առանձնահատուկ ընդգծեց նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը, որը հետևողականորեն աջակցել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի բարձրացմանը:
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների քառորդդարյա պատմության մասին` ՀՀ արտաքին գործերի նախարարը երախտագիտությամբ նշեց այն էական ներդրումը, որ դրանցում ունեցել են ամերիկահայության ներկայացուցիչներն ու ամերիկահայ կառույցները:
«Մեր կապերի որակն ու էությունը շատ ավելի թերի կլինեին առանց այն հազարավոր կամուրջների, որոնցով մեր հայրենակիցները կապել են մեր երկու երկրները»,- ասաց Նալբանդյանը:
Նա հիշատակեց, որ 1990-ականների սկզբից ի վեր թափ առած հայ-ամերիկյան հարաբերությունները լի են եղել բազմաթիվ նշանակալից իրադարձություններով, ինչպիսիք են Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանում ամերիկյան համալսարանի հիմնումը, միջպետական կարևորագույն համաձայնագրերի ստորագրումը, առևտրատնտեսական ոլորտում կատարված քայլերը, մասնավորապես, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի և առևտրի ու ներդրումների խորհրդի ստեղծումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը, բազմաթիվ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ձևավորման գործում, համագործակցությունը միջուկային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ոլորտներին առնչվող այլ կարևոր նախաձեռնություններում:
Նալբանդյանն անդրադարձավ նաև հարաբերությունների հաստատման առաջին տարիներին և հիշատակեց Երևանում ԱՄՆ դեսպանության հիմնումը, որն ազդարարեց շուրջ 70 տարվա ընդմիջումից հետո արտասահմանյան առաջին դիվանագիտական ներկայացուցչության մուտքը Հայաստան:
«Դեսպանության բացմանն անմիջապես հետևեց ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը, որը կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Վերջերս Հյուսթոնում կրկին հնարավորություն ունեցա պարոն Բեյքերի հետ խոսել Հայաստան կատարած իր պատմական այցի մասին: Խոսելով մեր հարաբերությունների առաջին տարիների մասին՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել այն լայնածավալ մարդասիրական օգնությունը, որ ԱՄՆ ժողովուրդն ու կառավարությունը տրամադրում էին Հայաստանին, ինչը հատկապես կարևոր էր անկախության հռչակմանը հետևած տարիների ընթացքում: Այդ ժամանակ էր, որ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ աստիճանաբար փոխվեց Հայաստանին տրամադրվող օժանդակության որակը` մարդասիրական օգնությունից դեպի զարգացմանն ուղղված բազմապիսի և բազմաբովանդակության ծրագրեր»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը: