«Շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը դիտորդական հավատարմագրումից զրկելու, քան ՀՀԿ-ին ընտրարշավից զրկելու». Արմեն Աշոտյան
«Ես ներողություն կհայցեմ այն բանի համար, որ չեմ պատասխանի՝ որպես նախկին Կրթության և գիտության նախարար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս հրապարակված հայտնի ձայնագրությունների մասին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ օրերս Sut.am կայքը հրապարակել էր ձայնագրությունները, որոնք, ըստ կայքի, փաստում են, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում: Այդ ձայնագրություններում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասներ են պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:
Ա. Աշոտյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այդ ձայնագրությունների ուսումնասիրությամբ այս պահին զբաղվում են տարբեր պատկան մարմիններ: Ըստ նրա՝ իրավական պետություն կառուցելու ճանապարհին՝ հանրային գնահատական պետք է տալ, եթե դրա համար կա իրավական հիմք:
«Այդ տեսանկյունից՝ ես կհորդորեի մարդկանց, ովքեր պիտակներ են կպցնում, սպասել իրավական ատյանների գնահատականներին: Իրավական տեսակետից՝ մենք ունենք նաև մեր հակափաստարկները: Այդ կառույցը, որը գրանցված է՝ որպես անկախ դիտորդական կազմակերպություն, մեր գնահատականով՝ 1400 դպրոցների տնօրեններից, որոնց շարքերում կան տասնյակ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ (ԲՀԿ-ից կան բազմաթիվ տնօրեններ, ՀՎԿ-ից կան բազմաթիվ տնօրեններ, ՀՅԴ-ից), իրենց հետազոտության համար թիրախավորել էին բացառապես ՀՀԿ-ականներին: Ես կարծում եմ՝ սա ակնհայտ հակաքարոզչություն է մեկ ուժի դեմ: Եթե խնդիրը դրվեր բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչ տնօրեններին խոսեցնելու մեջ, ապա կարող էի հասկանալ, որ դա օբյեկտիվ է:
Այս պահին օբյեկտիվ լինելու մասին խոսք գնալ չի կարող: Դո՞ւր է գալիս մեզ, թե՞ դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները՝ այդ թվում՝ կուսակցության անդամ լինելու և ընտրարշավին մասնակցելու: Եթե տվյալ տնօրեններն իրենց աշխատանքը կատարել են ոչ պաշտոնական լիազորությունների շրջանակներում, ոչ աշխատանքային ժամին, ապա ակնհայտ է, որ այստեղ խախտման մասին խոսք գնալ չի կարող: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Սա ակնհայտ է, եթե չեն հավաքում, շատ ավելի վատ»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Լրագրողի ճշտող հարցին՝ բայց նորմա՞լ է, որ դպրոցների տնօրեններն են դա անում, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ նորմալ չի լինի, եթե ապացուցվի, որ դա արվել է պաշտոնական լիազորությունների չարաշահումով:
Ա. Աշոտյանն ասաց, որ ինքն անձամբ լսել է տասնյակ ձայնագրություններ և կարող է փաստել, որ իր լսածներից շատերի մեջ օրենքի խախտման գնահատական չկա՝ ո՛չ Ընտրական օրենսգրքի, ո՛չ Կրթության մասին օրենքի:
Անդրադառնալով նրան, որ «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ-ն, ինչպես նաև «Ելք» և ՕՐՕ դաշինքները դիմել են ԿԸՀ՝ ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու գրանցումը չեղյալ ճանաչելու համար՝ Ա. Աշոտյանն ասաց. «Եթե իրավական լուրջ գնահատական ներկայացնենք, ապա շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը դիտորդական հավատարմագրումից զրկելու, քան ՀՀԿ-ին ընտրարշավից զրկելու»:
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ իրավապահ մարմինները կտան համապատասխան գնահատական, և բոլոր խախտում կատարած տնօրենները կպատժվեն. «Եթե մեղավոր չեն, եկեք հասկանանք՝ ո՞վ է վերականգնելու այդ մարդկանց բարի համբավը, ո՞վ է այդ մարդկանց մաքրելու զրպարտությունից, ո՞վ է այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու: Տասնյակ դեպքեր կան, որտեղ օրենքի խախտում չկա, մարդկանց վարկաբեկել են, պատկերները՝ քաղաքով մեկ բռնած, շրջել են, ամոթանք են տվել: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք մեր երկրում քաղաքացին պե՞տք է պաշտպանված լինի իր քաղաքական իրավունքներն իրականացնելիս, թե՞ պետք է պաշտպանված լինի միայն ընդդիմադիր քաղաքացին, իշխանական քաղաքացին չպե՞տք է պաշտպանված լինի այն միակողմանի գնահատականներից, ագրեսիայից, որ իր հանդեպ սկսում են դրսևորել»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում գործող Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կոչը՝ խնայել կրթական համակարգը, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Ես հրապարակային գնահատականներ չեմ հնչեցրել գործող նախարարի գործունեության հանդեպ՝ ո՛չ կրթական, ո՛չ քաղաքական, ոչ թե նրա համար, որ Լևոն Մկրտչյանն ինձ մոտիկ մարդ է՝ մարդկային առումով, այլ նաև այն պատճառով, որ կոռեկտ չեմ համարում նման տեսակի հայտարարություններ մեկնաբանել իմ կողմից»: