«Ով էլ գա իշխանության՝ այս պահի դրությամբ պատրաստ չէ երկիրն արդյունավետ կառավարել». Հարություն Մեսրոբյան
«Ցանկացած լուրջ հարց նախ պետք է դիտարկվի ազգային անվտանգության տեսանկյունից, և այդ իմաստով և՛ այս, և՛ նախորդ բոլոր ընտրությունները վտանգում են մեր ազգային անվտանգությունը։ 1991 թվականից մինչ այսօր չի ձևավորվել մի ուժ, որը պատրաստ կլինի երկիրը կառավարել։ Եվ անկախ նրանից՝ մասնակցում է այդ ուժը ընտրություններին, չի մասնակցում, բոյկոտում է և այլն, նման ուժ Հայաստանում 1991 թվականից ֆիզիկապես գոյություն չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ նշելով, որ ուժը կարող է հավակնել երկիրը կառավարելուն միայն երկու դեպքում։
«Առաջին՝ այդ ուժը պետք է ունենա պրոֆեսիոնալ թիմ, երկրորդ՝ ունենա իրական ծրագիր՝ երկիրը փոսից հանելու և զարգացնելու։ 1991 թ.-ից հարյուրավոր ծրագրեր ենք տեսել ու լսել, բայց ոչ մեկը ծրագիր կոչվելու իրավունք չունի։
Ծրագիրը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. առաջին մասում պետք է նշված լինի երկրի նկարագիրը, որը հավակնում է կառուցել տվյալ ուժը, եթե իշխանությունն անցնի իրեն։ Պետք է նշվի, թե ինչ կարգի պետություն ենք ուզում ունենալ՝ սպասարկո՞ղ, թե՞ արտադրող։ Բոլոր ոլորտների նկատմամբ պետք է լինի վերաբերմունք։ Ծրագրի երկրորդ բլոկում պետք է լինեն ռազմավարական միջոցառումները՝ եռամսյակային կտրվածքով բաժանված։ Ծրագրի երրորդ մասում պետք է լինեն մարտավարական քայլերը՝ բխող ռազմավարական միջոցառումներից։ Չորրորդ մասում պետք է անուն առ անուն լինեն սեփական գլխով պատասխան տվողներ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ պետք է լինեն նաև այն պատժամիջոցները, որոնք կիրառվելու են ըստ ոլորտների այդ չափանիշերը չապահոված պաշտոնատար անձանց նկատմամբ։
Կառավարման փորձագետը չի կարևորում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. «Անկախ նրանից՝ որ ուժը կգա, ինչ որակի ընտրություններ կլինեն, հարցը պարզ է՝ ով էլ գա իշխանության, ով շատ ձայներ հավաքի, մեկ է՝ այս պահի դրությամբ պատրաստ չէ երկիրն արդյունավետ կառավարել»։