«Ձեզ ամբողջական պատկերը չի ներկայացվում, դրա համար մեր հայտարարությունները Ձեզ չեն գոհացնում». Ռիչարդ Հոգլանդ
«Հավատացնում եմ՝ չենք վարանում հստակ դիրորոշում հայտնել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարիտետային հռետորաբանությունն ու դրա ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։
Նա նշեց, որ համանախագահներն իրականում գիտեն, թե ինչ է տեղի ունենում շփման գծում։ Բայց, ըստ նրա, քանի որ իրենք միջնորդներ են, պետք է մի փոքր «տարածություն պահպանեն», որպեսզի մեկ կամ մյուս կողմին չնեղացնեն, որովհետև, եթե նման բան լինի, դա նշանակում է, որ քննարկումների և միջնորդության հնարավորությունը կխաթարվի։ Հոգլանդն ընդգծեց, որ չեն ցանկանում, որպեսզի «այդ դուռը փակվի»։
«Մենք ուզում ենք, որ այն բաց մնա, և մենք մշտապես նկատի կունենանք այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն բևեռել, բայց պետք է միշտ զգուշավորություն հանդես բերել այն խոսքում, որը մենք հնչեցնում ենք հրապարակավ, նույնիսկ, եթե փակ դռների ետևում նշում ենք ու գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը։
Նա նշեց, որ իրենց աշխատանքը երեք մակարդակ է պարունակում։ «Հայտարարություններ, որոնք մենք՝ համանախագահներս, անում ենք հրապարակային, և դրանք պետք է զգույշ լինեն։ Եթե կողմերից մեկի նկատմամբ սուր դիրքորոշում կա, չենք ամաչի դա հնչեցնել, բայց այն պայմանները, որոնք մեզ հնարավորություն են տալիս խոսել երկու կողմերի հետ, պետք է պահպանենք։ Չերևացող հատվածում մենք խոսում ենք ԱԳ նախարարների, նախագահների, պաշտպանության նախարարների և այլոց հետ, մենք այդտեղ կարող ենք ավելի խիստ, ավելի հստակ դիրքորոշումներ ներկայացնել։ Ուզում եմ հավաստիացնել, որ երբեք չենք վարանում մեր դիրքորոշումը ներկայացնել։ Երրորդ մակարդակը՝ դեսպան Կասպրչիկը, ով ողջ իրավիճակին տիրապետում է, ցավում եմ, որ պետք է ասեմ, Դուք ամբողջական պատկերը չեք տեսնում, որովհետև ձեզ ամբողջական պատկերը չի ներկայացվում, դրա համար մեր հայտարարությունները ձեզ չեն գոհացնում, ձեզ չի գոհացնում այն, թե ինչ ենք մենք ասում։ Ես ձեզ հասկանում եմ»,- մանրամասնեց ամերիկացի դիվանագետը։ Դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները և գործելակերպը հանգեցրին ապրիլյան պատերազմին, Հոգլանդն արձագանքեց՝ ասելով, որ ամենայն հարգանքով չի համաձայնի այդ տեսակետին։ «Չեմ համաձայնի, որ ապրիլի պատերազմը համանախագահների արած հայտարարությունների կամ բացակայության պատճառով էր։ Ինչպես ասացի, դուք տեսնում եք մի մակարդակը, կան աշխատանքներում այլ մակարդակներ ևս»,- ասաց Հոգլանդը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասաց, թե «փակուղի» բառը չի սիրում, ուստի կասի, որ բանակցային գործընթացը դանդաղել է։ Ուստի, նրա խոսքով, իրենք՝ համանախագահներն, ասում են, որ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «Նախ՝ ԱԳ նախարարները պետք է նստեն, լուրջ և ազնիվ միասին խոսեն, նախապատրաստեն հիմք նախագահների հանդիպման համար։ Չեմ կարծում, որ այս պահին կա որևէ դետալ, որևէ մանրամասն, որը կցանկանայինք կողմերից մեկին ներկայացնել, մենք ցանկանում ենք ներկայացնել այն պայմանները, որի ներքո կողմերն իրենց կրկին հարմարավետ կզգան, միմյանց հետ կխոսեն, կբանակցեն, հենց դա է կարևորը, էականը։ Նույնիսկ, եթե մարդիկ խոսում են պատերազմի մասին, դա վատթարագույն լուծումն է»,- ասաց համանախագահը։
Ըստ նրա՝ հնարավոր է գտնել իրավիճակ, երբ բոլոր կողմերը շահող են դուրս գալիս։ Ամերիկացի դիվանագետի փոխանցմամբ՝ այս պահին կա գործընթաց, դա գաղտնիք չէ։ «Գիտեք, որ երկու ԱԳ նախարարները Մոսկվայում առանձին հանդիպումներ են ունեցել։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում՝ ոչ ամիսներ անց, այլ շատ ավելի վաղ ապագայում, երկու ԱԳ նախարարները կհանդիպեն միմյանց, թերևս, Մոսկվայում կամ որևէ այլ տեղ նախապատրաստելու նախագահների հանդիպումը։ Դիվանագիտական գործընթացն այժմ ընթացքի մեջ է»,- մանրամասնեց բանախոսը՝ շարունակելով, որ պետք է ամենադրական լուծումները փորձեն գտնել, և իրենց խնդիրը, որպես համանախագահներ, այն է, որպեսզի աշխատեն միասին, կողք կողքի կանգնեն, խրախուսեն բանակցային գործընթացը, որպեսզի այն շարունակվի։ Ռիչարդ Հոգլանդը հավաստիացրեց, որ սերտորեն աշխատում է մյուս երկու համանախագահների հետ։
«Մենք միասին ժամերով նստում ենք, խոսում բոլոր մանրամասների, բոլոր մանր հարցերի մասին, մենք միմյանց հետ միասին կանգնած ենք, մեր միջև սուր տարաձայնություններ չկան, նույնը վերաբերում է մեր երկրների իշխանություններին։ Նույնիսկ, եթե այլ հարցերի շուրջ մեր երկրների միջև տարաձայնություններ կան, սա այն հարցն է, որի շուրջ մենք շատ լավ կարողանում ենք միասին աշխատել։ Եվ ես անչափ հպարտ եմ դրա համար»,- ասաց համանախագահ Հոգլանդը։