«Երևանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործողությունները նույնպես օրինական են». Նիկոլ Փաշինյան

Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Արարատում: Դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության ներկայացրած ձայնագրություններին, որոնցում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմում են իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Ն. Փաշինյանի խոսքով՝ այն անձինք, որոնք պետք է զբաղված լինեին կրթությամբ, զբաղված են ՀՀԿ-ի անդամների համար ցուցակներ հավաքագրելով: Ըստ Ն. Փաշինյանի՝ դպրոցները վեր են ածել Հանրապետական բջիջների:

Ն. Փաշինյանը նկատեց, որ այսօր ՀՀԿ-ի անդամներն ասում են, որ տնօրենների կողմից ցուցակներ հավաքելն օրինական է. «Երևանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործողությունները նույնպես օրինական են: Բայց մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից: Քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել այդ դպրոցներից: Սիրելի մանկավարժներ, ձեզ տարանջատեք այդ աղբից: Արդեն քանի օր է՝ հանրությունն այդ տեղեկությունն է ստացել, ու հիմա այդ ազնիվ մանկավարժները պետք է գործադուլներ անեին, ցույցեր անեին ու հրաժարվեին աշխատել այդ քաղաքական պոռնկությամբ զբաղվողների հետ»:

Ն. Փաշինյանը նշեց, որ «Ելք» դաշինքը համարում է, որ կան բոլոր փաստերը՝ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու համար: Նա ասաց, որ իրենց մասնագիտական խումբը դիմում է պատրաստում. «Վաղը ՀՀԿ-ին ընտրարշավից վռնդելու մեր դիմումը կներկայացվի ԿԸՀ»:

Տեսանյութեր

Լրահոս