«Միխայիլ Պոպկովը 84 կանանց է սպանել». Ռուսաստանի Քննչական կոմիտե
Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
«Հետաքննության տվյալներով՝ Պոպկովն Իրկուտսկի մարզի տարածքում (Իրկուտսկ քաղաքում եւ Իրկուտսկի շրջանում, Անգարսկ քաղաքում եւ Անգարսկի շրջանում, Սիբրիսկի Ուսոլիե քաղաքում եւ Ուսոլիեի շրջանում) 20 տարվա ընթացքում կատարել է առնվազն 84 սպանություն: Նրա կողմից սպանված կանանց տարիքը տատանվում է 16-ից մինչեւ 40 տարվա սահմաններում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Պոպկովի գործում, որին զանգվածային լրատվամիջոցներն «Անգարսկցի մոլագար» են կոչել, կա արդեն ավելի քան 80 էպիզոդ, ըստ որում շարունակվում է եւս 12 հանցագործությունների հետաքննությունը:
2015 թվականի հունվարին Իրկուտսկի մարզային դատարանը 50-ամյա Պոպկովին մեղավոր է ճանաչել 22 կանանց սպանության մեջ եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում:
Հետաքննության տվյալներով՝ սպանությունները կատարվել են 1994-ից մինչեւ 2000 թվականն ընկած ժամանակամիջոցում, մոլագարի զոհեր են դարձել երիտասարդ կանայք. սեռական բռնության հետքերով նրանց խեղված մարմինները գտել են Իրկուտսկի մարզի ամայի շրջաններում: Իր զոհերին նա թողնում էր Անգարսկի մայրուղիների կամ ճանապարհների մոտ, նրանցից ոմանք գտնվել են ողջ, բայց մահացել են հիվանդանոցում:
Պոպկովն ինքը, որը մինչեւ 1998 թվականն աշխատել է Անգարսկի Կենտրոնական շրջանի ներքին գործերի բաժնի օպերատիվ հերթապահ, իրեն համարել է «մաքրող» եւ պնդել, որ սպանել Է սոսկ «ցոփ ու շվայտ կյանք վարող կանանց»: