Օբաման մեկնել է Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից մեկը, որտեղ հուշերի գիրք է գրելու. The Washington Post
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հանգստանում է որպես պետության ղեկավար ութամյա պաշտոնավարումից հետո, մեկնել Ֆրանսիական Պոլինեզիայի Տետիրոա կղզի, որտեղ զբաղվելու է Սպիտակ տան ղեկավարի դերում իր կյանքի
մասին հուշեր գրելով: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով
ԱՄՆ-ի նախկին ղեկավարին մոտ կանգնած աղբյուրների:
Ինչպես հիշեցրել է թերթը, Բարաք եւ Միշել Օբամաներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են հուշապատումների երկու առանձին գրքերի նկատմամբ իրավունքը վաճառել 60 մլն դոլարով, իսկ դրանք կհրապարակի Penguin Random House հրատարակչական տունը: Թերթը, սակայն, մանրամասնություններ չի հայտնում նախկին նախագահի կողմից հուշագրության գործընթացի մասին:
Նաեւ քիչ բան է հայտնի, թե Միշել Օբաման ինչպես է գրում գիրքը առաջին տիկնոջ դերում իր կյանքի մասին:
Ինչպես հայտնել է նրա ներկայացուցիչ Թինա Չենը նախկին նախագահի տիկինը հիմնական ուշադրությունը դարձնում է տնային գործերին ու երեխաներին:
«Դուստրերից մեկն արդեն քոլեջ է հաճախում, մյուսը սովորում է միջնակարգ դպրոցում. Միշելի ուշադրության կենտրոնում հենց սա է: Նա աշխատում է գրքի վրա, բայց դրանից զատ չի մոռանում նաեւ հասարակայնության հետ աշխատելու մասին»,-նշել է Չենը:
Թերթի տվյալներով՝ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ վերջին ժամանակներս ամեն կերպ ջանում է խուսափել հանրության ու մամուլի ուշադրությունից՝ ճանապարհորդելով տարբեր առողջարաններով: Սպիտակ տան նախկին բնակիչներն արդեն եղել են Պալմ-Սփրինգսում, Կարիբյան կղզիներում եւ Հավայան կղզիներում: Տետիրոա կղզի մեկնելուց առաջ, որն ավելի վաղ պատկանում էր հայտնի դերասան Մառլոն Բրանդոյին, երկրի նախկին ղեկավարին նկատել են Հավայան կղզիներից մեկում՝ Օահուում, գոլֆ խաղալիս, այստեղ նա մի քանի անգամ ճաշել է իր ընկերների հետ:
Օբաման ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել 2008 թվականին՝ դառնալով առաջին աֆրոամերիկացին այդ պաշտոնում, իսկ 2012 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով: Ընթացիկ տարվա հունվարին Օբաման պետության ղեկավարի լիազորությունները փոխանցել է հանրապետական Դոնալդ Թրամփին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։