Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է ձերբակալել նախկին նախագահ Պակ Կըն Հեին
Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
«Ներկայում հավաքվել են բազմաթիվ հանցանշաններ, բայց քանի որ կասկածյալը մերժում է մեղադրանքների մեծամասնությունը, կա այն բանի հավանականությունը, որ նա ինչինչ հանցանշաններ ոչնչացրել է»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
«Անարդարացի կլիներ նրան չձերբակալելը, քանի որ նրա հանցակցուհին՝ Չխվե Սուն Սիլը, նրա ցուցումներին հետեւած պաշտոնյաները, եւ նրանք, ովքեր կաշառքներ էին տալիս, բոլորն էլ կալանավորված են»:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով:
Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:
Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: