Բաժիններ՝

Խաչակնքման մասին

«Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում»:
Սուրբ Գրիգոր Տաթևացի

Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում (Բ Օր ԻԱ 23): Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի:

ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է

Ս. Պողոս առաքյալն ասում է. «Մեզ` փրկվածներիս համար խաչի քարոզությունն Աստծո զորություն է» (տես Ա Կորնթ. Ա 18):

Խաչակնքվելիս, այսինքն` խաչի կնիքը մեզ վրա դնելիս, հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար և փրկեց մահվան իշխանությունից: Աղաչում ենք Խաչյալ Փրկչին, որպեսզի մեզ միշտ պահի ու պահպանի ամեն մի չարից:

Խաչակնքվում ենք հետևյալ կերպ, միացնում ենք աջ ձեռքի առաջին մատները (բթամատ, ցուցամատ և միջնամատ), հպում ճակատին, ասելով`«Յանուն Հօր», իջեցնում կրծքին` ասելով` «եւ Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը` ասելով` «եւ Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը` ասելով «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում. «Ամէն»:

ԽԱՉԱԿՆՔՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ` ԸՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ

Խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):

Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը:

Խաչակնքվելով խորհրդանշում ենք Բանն Աստծու երկնքում լինելն ու երկիր իջնելը և դժոխքն ավերելը, որը ձախակողմյանների տեղն է, և դարձյալ Հոր աջ կողմում նստելը: Խաչի նշանով դրոշմում ենք մեր ճակատը, որովհետև միշտ Խաչյալին ի մտի ունենք, ինչպես ասում է Եզեկիել մարգարեն. «Նշան դիր այդ մարդկանց ճակատին» (Եզեկ. Թ 4): Խաչի նշանը մեր մարմնի չորս կողմն ենք դրոշմում, որպեսզի մեզ պահի չորս վնասից, այսինքն՝ աշխարհի փորձությունից, սատանայից, անհավատներից և մեղքերից: Խաչի նշանը դրոշմում ենք մեզ վրա, որովհետև ծառայում ենք Տեր Հիսուսին, ում նշանն է խաչը: Խաչակնքվելով ցույց ենք տալիս տիեզերքի չորս կողմերը և դրանց համար հայցում Տիրոջ խաղաղությունը: Խաչակնքումը վահան է ընդդեմ սատանայական ներգործությունների: Խաչակնքվելով մեր հին էությունը գամում ենք խաչին և Քրիստոսով հարություն առնում: Խաչակնքվելիս հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մահը Խաչի վրա՝ մարդկության ազատագրման համար: Խնդրում ենք Աստծո օգնությունն ու ողորմությունը:

Քրիստոնյաները խաչակնքվում են, երբ Ս. Պատարագի, ժամերգությունների, ծիսական և հոգևոր բարեպաշտական արարողությունների ժամանակ հոգևորականը Սուրբ Երրորդության անվանը խաչանիշ օրհնությամբ տյառնագրումը (խաչակնքում) է մեզ: Աղոթելիս պետք է խաչի նշանով երեսը տյառնագրել՝ խնդրելով, որ Սուրբ Աստվածածինը, պահապան հրեշտակները և սրբերի դասը բարեխոս լինեն Երկնավոր Հոր առջև: Խաչակնքվելով մեր հոգու լուռ աղոթքն ենք ուղղում Արարչին:

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս