«Ինչին ձեռքը կպցրել է, շենացրել է… Նա ձեզնից է ծնվել, մենք ենք նրան թև տվել». Սամվել Ալեքսանյանը հանդիպեց Շենգավիթի բնակիչների հետ
Այսօր Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել էր Շենգավիթ վարչական համայնքի բնակիչների հետ:
Մանկավարժ Օֆելյա Պետրոսյանը ելույթ ունեցավ՝ ասելով՝ Ս. Ալեքսանյանը 7000 աշխատատեղ է ստեղծել, 7000 հոգու կապել է այս հող ու ջրին. «Այս տարի այնպես է ստացվել, որ երկու վարչական շրջանները մեկ ընտրատարածք է համարվել, և Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների թեկնածու է մեր պարոն Սամվել Ալեքսանյանը: Ինչին ձեռքը կպցրել է, շենացրել է ու բերք ու բարիք է ստացել, որից բաժին է հանել նաև իր հարազատներին, նա ձեզնից է ծնվել, մենք ենք նրան թև տվել՝ դեռևս պատանեկության տարիներից ուրախանալով նրա հաջողություններով: Դուք ուսումնասիրեք բոլորի կենսագրությունները, ու ում ուզում եք՝ ձայն տվեք: Ամսի 2-ին 6-րդ համարի քվեաթերթիկն եք վերցնում և Սամվել Ալեքսանյանին ձայնը տալով՝ դուք հանգիստ գնում, ձեր տներում քնում եք, իսկ Սամվել Ալեքսանյանը կրակն է ընկնում, գալիս է Շենգավիթ ու շենացնում է երբեմնի շեն Շենգավիթը»:
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նշեց, որ շենգավիթցիների բախտը չի բերել. «Ես չեմ հիշում մի վախտ, որ ձեր մեծամասնականով ընտրված պատգամավորը լինի ձեր կողքին ու ձեզ հետ քայլի: Այժմ ձեր բախտը բերել է, որ գալիս է մի թեկնածու, որը տարին 12 ամիս քայլում է մարդկանց կողքով, իրականացնում ծրագրեր ու ստեղծում ավանդույթներ: Ամենալավ թեկնածուն, ինքներդ կհամոզվեք, որ Սամվել Ալեքսանյանն է, որը երբեք սուտ խոստումներ չի տվել»:
Ս. Ալեքսանյանը զրուցեց մարդկանց հետ, խոստացավ օգնել աշխատատեղերի հարցում: Լրագրողի դիտարկմանը՝ խոստումներ տալը քարոզարշավի շրջանակներում չի թույլատրվում, Ս. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ անեմ հիմա, մարդիկ աշխատատեղ են ուզում, ի՞նչ ասեմ»:
Դիտարկմանը, թե՝ շատ է խոսվում ձեր կողմից լավաշ բաժանելու մասին, Ս. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Ես լավաշ չեմ բաժանում, ցավդ տանեմ»: Նա նաև հերքեց այն տեղեկությունները, թե ինքը Շահումյան թաղամասում բնակիչների է գրանցում, որ իրեն ընտրեն:
Հարցին՝ պատգամավոր ընտրվելուց հետո շարունակելո՞ւ եք բիզնեսով զբաղվել, Ս. Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: